2 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ ծանրամարտի Եվրոպայի Մ20 ու Մ23 առաջնությունից

Հայ ծանրորդները 1 օրում 4 մեծ մեդալ են նվաճել ծանրամարտի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունում: Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող մրցաշարում նվաճել են 2 ոսկե, 1-ական արծաթե ու բրոնզե մեդալ: Մեդալակիրներ են դարձել Կարեն Ավագյանը, Արա Աղայանը (89կգ) (լուսանկարում), Լիանա Գյուրջյանը (81կգ) եւ Ռաֆիկ Հարությունյանը (81կգ):

Ավագյանը երկամարտում ցույց է տվել 364 կգ արդյունք (170կգ+194կգ): Պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումում՝ փոքր արծաթե: Նույն քաշային կարգում Արա Աղանյանը դարձել է արծաթեմեդալակիր։ Երկամարտում ցույց է տվել 358կգ (162կգ+196կգ): Նա նաեւ փոքր արծաթ է նվաճել պոկումում վարժությունում, իսկ հրումում՝ փոքր ոսկի։

Գյուրջյանը (81կգ) մինչեւ 20 տարեկանների պայքարում չեմպիոն է դարձել երկամարտի երկամարտի 215կգ (95+120) արդյունքով: Նա նաեւ մեկական փոքր ոսկի է նվաճել վարժություններից յուրաքանչյուրում:

Մինչեւ 20 տարեկան տղամարդկանց 81կգ քաշայինների պայքարում Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: Երկամարտում գրանցել է 340կգ (150+190): Պոկում վարժությունում նա չորրորդն է եղել, իսկ հրումում նվաճել է փոքր արծաթ:

Եվրոպայի Մ20 ու Մ23 առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 17-ին: Կավարտվի 27-ին: ՀՀ ընտրանու կազմում մասնակցում են նաեւ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (+109կգ) եւ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը (89կգ):

Քաղաքականություն

Պատահարներ