Պաշտոնական տվյալներով Իրաքում ցույցերի ժամանակ զոհվել է 149 ցուցարար, վիրավորվել մոտ 3.5 հազարը

Իրաքի մի քանի գավառում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 300 մարդ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով՝ «ՌԻԱ Նովոստի»-ն, բողոքի ակցիայի մասնակիցները տարբեր քաղաքներում այրում են պետական կառույցները:

 

«Բողոքի ակցիայի երկու մասնակից զոհվել է, 337 հոգի վիրավոր է: Իրավապահ մարմիններից տուժել է 72 հոգի»,- հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը:

 

Ցուցարարները այրել են Սամավա քաղաքի ընտրական հանձնաժողովի շենքը, իսկ Վասիտ նահանգում քաղաքացիական պաշտպանությանը հաջողվել է  մարել քաղաքական տարբեր կուսակցությունների գրասենյակներում բռնկված կրակը:

 

Ավելի վաղ, իրաքյան շիաների հոգևոր առաջնորդ Ալի աս-Սիստանին հորդորել էր ցուցարարներին և ուժայիններին զերծ մնալ բռնությունից և արյունահեղությունից:

 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ցույցերի ժամանակ՝ հոկտեմբերի 1-ից մինչ ամսվա կեսը, զոհվել է 149 ցուցարար, վիրավոր է մոտ 3.5 հազարը: 

Ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը:

 

Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ-Մահդին հոկտեմբերի 24-ի գիշերը հայտարարել էր, որ պատրաստվում են փոխել ընտրությունների մասին օրենքը:

Քաղաքականություն

Պատահարներ