«Զվարթնոցում» դիմավորեցին մեդալներով վերադարձած հայ ծանրորդներին

7 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ, սա է Հայաստանի ծանրորդների արդյունքը Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունում: Նման արդյունքով Հայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայի առաջնությունում:

 

 Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից ծանրամարտիկները վերադարձան Հայաստան։ Նրանց «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին` ինչպես հարիր է չեմպիոններին և չեմպիոնական հավաքականին:

 

Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնություն չեմպիոնի կոչումը նվաճեցին Լիանա Գյուրջյանը(81կգ քաշային կարգում), Կարեն Ավագյանը(89կգ քաշային կարգում), Արփինե Դալալյանն (+87կգ քաշային կարգում) ու Վարազդատ Լալայանը (+109կգ քաշային կարգում): Ռաֆիկ Հարությունյանը(81կգ քաշային կարգում) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Արա Աղանյանը (89կգ քաշային կարգում)  նվաճեց բրոնզե մեդալ:

 

Մինչև 23 տարեկանների մրցաշարում Եվրոպայի չեմպիոն հռչակվեցին Հակոբ Մկրտչյանը (89 կգ քաշային կարգում), Սամվել Գասպարյանն (109 կգ քաշային կարգում) ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ քաշային կարգում) Տաթև Հակոբյանն (87 կգ քաշային կարգում) զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ  Դավիթ Հովհաննիսյանն (89 կգ քաշային կարգում) էլ դարձավ բրոնզե մեդալակիր: Հայաստանի հավաքականը իր նվաճումներով Եվրոպայի առաջնությունում շրջանցեց Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականներին:

 

Հայ ծանրամարտիկներն իրենց հաղթանակներով սովորական են դարձրել յուրաքանչյուր առաջնությունից հետո մեդալներ ստանալը: Բացառություն չէր նաև Ռումինիայի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որի ընթացքում մարզադահլիճում Հայաստանի օրհներգը գրեթե չէր դադարում հնչել:

 

 

Ոչ ոք չէր կասկածում, որ Հակոբ Մկրտչյանն ու Սիմոն Մարտիրոսյանն իրենց տարիքային խմբում մրցակիցներին շանս կտան: Նրանք շանս չեն տալիս մրցակիցներին աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, ուր մնաց մինչև 23 տարեկանների առաջնությունում: Բայց նրանց կողքին կան նաև այլ չեմպիոններ, ու դա մեր ապագան է:

 

Այս տարիքային խմբերում հաղթանակները կրկնակի կարևորություն ունեն, քանի որ առջևում մեծ մրցաշարեր են, ու ուրախալի է, որ ունենք նոր մարզիկներ, որոնք ապագայում հայ երկրպագուներին կարող են նոր հաղթանակներ պարգևել:

 

Քաղաքականություն

Պատահարներ