Ձնաբուք և արգելափակված բեռնատարներ․ Շիրակի մարզ

Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածն է: Մարզի ամենադժվարանցանելի, շրջադարձային տեղամասերից մեկն է, որտեղ առավոտից արգելափակվել էին վրացական ու թուրքական բեռնատարները: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ 

Ձյան հաստ շերտը ու տեղ-տեղ մերկասառույցը ամառային անվադողերով երթևեկող բեռնատարներին ճանապարհը շարունակել թույլ չէին տվել: Տասնյակ բեռնատարներ մնացել էին ճանապարհի հենց մեջտեղում։ 

Ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն աղ ու ավազով  ճանապարհը մշակում էին, արդյունքում` կարողացել էին մոտ մեկ տասնյակ բեռնատար արգելափակումից դուրս բերել, բայց Գյումրիից դեպի Բավրա բեռնատարների հոսքը շարունակվում էր, ու նորից խցանումներ էին առաջանում: 

Մարդատար մեքենաների համար ճանապարհը դարձել էր միակողմանի։ Կանխատեսված ձյան տեղումները վարորդներին չէին շտապեցրել ամառային անվադողերը ձմեռայինով փոխարինել, շատերը դժարանցանելի ճանապարհը կեսն էլ չանցած հետ  էին դարձել։ 

Աշոցքում տեղումներն ուղեկցվում էին նաև ձնաբքով, ինչը սպասարկող ընկերության գործն ավելի էր բարդացնում: Մաքրված ձյունը նորից երթևեկելի հատվածում էր հայտնվում: 

Գյումրի-Բավրա 30 կմ-անոց ճանապարհն անցանելի դարձնելու համար 5  միավոր տեխնիկան աշխատելու է նաև գիշերը, եթե տեղումները շարունակվեն: 

 

Քաղաքականություն

Պատահարներ