Բյուջեից 2,7 միլիոն դրամ է հատկացվել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար

2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին, հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

 

«Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն), ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍ հետ կնքված պայմանագրում։ 

 

Սույն դրամաշնորհը կազմում է՝ 2019 թվականի տարեկան 903 միլիոն դրամ բյուջեի 0,3%-ը: Որքանով են ներկայացման հետ կապված մասնագիտական հանձնաժողովի սպասելիքներն արդարացել, կիմանանք, երբ կազմակերպիչները սահմանված կարգով կներկայացնեն ոչ ֆինանսական և ֆինանսական արդյունքները։

 

Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ այս բեմադրության առիթով նախարարությանը վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումեր», - ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ։

 

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ` «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում, քաշքշուկ էր տեղի ունեցել։

 

Նարեկ Սարգսյան անունով ներկայացած երիտասարդը փորձել էր «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ նշելով, որ նրանք սատանիստներ են:

 

«Իմ երկրում սատանիստական երևույթ չի լինելու: Ես պայքարելու եմ, ինչքան ուզում եք բռնեք: Ես իրենց վրա զելյոնկա եմ լցնելու», - ասել էր նա։

Միջադեպից հետո Նարեկ Սարգսյանին բերման էին ենթարկել։

Քաղաքականություն

Պատահարներ