Հավասարվել են Lexus-ին ու կրակել․ մանրամասներ Փայլակ Հայրապետյանի նկատմամբ սպանության փորձից

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Երեւանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

 

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երեւանի 29-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2019թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, նախապես հետապնդելով 29-ամյա երիտասարդի կողմից վարած «Lexus es250»  մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ դեպի Ծաղկաձոր տանող ավտոճանապարհին, ավտոմեքենայով վարորդի կողմից հավասարվելով «Lexus es250»  ավտոմեքենայի ընթացքին, իր մոտ ապօրինի պահվող 9մմ տրամաչափի հրազենից 4 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Քրեական գործով 29-ամյա երիտասարդը եւ 54-ամյա տղամարդը, ով դեպքի պահին նրա հետ գտնվում էր ավտոմեքենայում, տուժող են ճանաչվել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել է 4 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ, տուժողներից վերցվել են կրակոցի արգասիքների նմուշներ, նշանակվել են դատաքիմիական, դատաձգաբանական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, առգրավվել է 54-ամյա տղամարդու ներկայացրած գազային ատրճանակը, որով վերջինս փորձել է վախեցնել մահափորձ կատարողին:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը, ինչպես նաեւ՝ 29-ամյա երիտասարդին հետապնդած ավտոմեքենայի մակնիշը պարզելու ուղղությամբ:

 

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունները, 29-ամյա երիտասարդը Փայլակ Հայրապետյանն է, ով ԽՍՀՄ տարիներից հայտնի Երևանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է, իսկ երիտասարդի հայրն էլ՝ Հովիկ Հայրապետյանը՝ Երևանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակել են «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու՝ Փայլակ Հայրապետյանի Lexus-ի ուղղությամբ։ 

Քաղաքականություն

Պատահարներ