«Ինչպե՞ս է ասֆալտին ծեփվելը գնահատվել 2.7 միլիոն դրամ. ճիշտ կլինի հարկատուների գումարը վերադարձնեն պետական բյուջե և ինքնալուծարվեն»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Եվ ուրեմն` հանգիստ նստեք տեղներդ

 

Հանրապետության մետրոյի հանրային տարածքում ասֆալտին խմբակային ծեփվելն ու դիվահար ծղրտոցները նորարարական արվեստ, ֆուտուրիստական պոեզիայի էքսպերիմենտալ ընթերցում, պերֆորմանս ու մոդեռնիստական ճիչ համարողներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս` հանգիստ նստեք տեղներդ: Այո, դուք իրավունք ունեք լինելու գռեհիկ, հակաէսթետիկ, հակահիգիենիկ ու հակամշակութային: Դա ձեր անձեռնմխելի իրավունքն է: Բայց դուք իրավունք չունեք ձեր հակահիգիենիկ և անառոջ բնազդները իրացնել հանրային տարածքներում:


Ու եթե որոշ անհասկանալի սուբյեկտներ հղում են անում ազատ ստեղծագործելու իրենց սահմանադրական իրավունքին` ասֆալտի վրա գալարումները համարելով «արվեստ», վերջիններիս հիշեցնեմ, որ հանրային վայրերում պատերին ծեփվելով և մարդկանց դիվահար ոռնոցներով ահաբեկելով, իրենք խախտել են մարդու իրավունքների և հատկապես երեխայի իրավունքի հետ կապված միջազգային միանգամից մի քանի կոնվենցիա:

 

Իսկ շատ երկար անուն ունեցող նախարարության հատուկ հանձնաժողովը, որի որոշմամբ հարկատուների, այսինքն` ՀՀ քաղաքացիների հարկերից ֆինանսավորվել է հակաէսթետիկ և հակահիգիենիկ այդ սուբլիմացիան, բացի հաշվետվություն ներկայացնելու, թե ինչպե՞ս է ասֆալտին ծեփվելը գնահատվել 2.7 միլիոն դրամ, արդար կլինի, ճիշտ կլինի, որ իրենց գրպանից հարկատուների գումարը վերադարձնեն պետական բյուջե և տեղում ինքնալուծարվեն»:

Քաղաքականություն