Լոնդոնում մեծ հայկական համայնք կա. Jamiroquai բենդը ժամանեց Երևան

Jamiroquai բենդը քիչ առաջ ժամանեց Երևան։ Խմբին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին լրագրողներն ու երկրպագուները։

«Թռիչքը շատ լավ է անցել։ Երևանի համերգը անակնկալներով լի կլինի հայ հանդիսատեսի համար», - լրագրողների հետ զրույցում նշեց խմբի մենակատար Ջեյ Քեյը։

 

Sputnik Արմենիայի հարցին, թե մինչ այստեղ գալը լսե՞լ էր Հայաստանի մասին` Քեյը պատասխանել է.  «Այո, շատ եմ լսել, որովհետև Լոնդոնում մեծ հայկական համայնք կա:

 

Նշենք, որ խումբը Երևան է ժամանել Silk Note փառատոնի շրջանակում և այստեղ հանդես է գալու նաև իր առաջին մենահամերգով:

 

Jamiroquai բենդի երևանյան մենահամերգը կկայանա նոյեմբերի 6-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

Future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը: 

«Գրեմիի» դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

 

Նշենք, նաև, որ միջազգային Silk Note Festival-ը կազմակերպվում է «Իմ քայլը» հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ: Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել մշակութային տուրիզմը, հրավիրել միջազգային մամուլի ուշադրությունը մեր երկրի վրա և արդյունքում գրանցել տնտեսական աճ: Փառատոնից ստացված ողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ