Վանեցյանի որոշմամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Մեր տեղեկություններով՝ նրան նշանակելու որոշումը կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ դեմ գնալով ֆեդերացիայի որոշ անդամների կարծիքներին:

 

Ըստ մեր տեղեկությունների՝ Գրիգորյանը «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու») ֆուտբոլային ակումբի սեթականատեր Ջեւան Չելոյանցի ու «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի թեկնածուն է: 

 

Ըստ մեր աղբյուրների՝ Վանեցյանը նշանակումն արել է նրանց հորդորով, որոշմանը դեմ են եղել ինչպես ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, այնպես էլ ՀՖՖ տեխնիկական տնօրեն, իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսը, իսկ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ քննարկում չի եղել:

 

Տեղեկություն կա նաեւ, որ Գրիգորյանն արդեն իսկ զբաղվում է հավաքականի գործերով: Նա այսօր եղել է ֆեդերացիայում եւ զբաղվել է հավաքականի կազմը որոշելով:

 

Տեղեկությունները փորձեցինք ճշտել Նիկողոսյանից: Նա, սակայն, ասաց, որ ոչինչ չգիտի: Այսօր ավելի վաղը նոր մարզչի անունը փորձել էինք իմանալ Մելիքբեկյանից: Նա նույնպես ոչինչ չէր ասել: Նշել էր միայն, որ Եվրո 2020-ի շրջանակներում հավաքականի առաջիկա 2 խաղերին ընդառաջ ՀՖՖ հավաքականների բաժինն արդեն հրավերներ է ուղարկել արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ակումբներին:

 

Հավաքականն առանց գլխավոր մարզչի է մնացել այն բանից հետո, ինչ հրաժարական տվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Նա հեռանալու մասին հայտնեց հոկտեմբերի 18-ին:

Քաղաքականություն

Պատահարներ