Ամեն մարդ դիմացինին չափում է սեփական արշինով. Աբրահամյանը՝ Քոչարյանի պաշտպանի մասին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փաստաբան, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի դիտողությանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի «գեներալական պաշտոնի» վերաբերյալ:

 

«Լրագրողներին տված ճեպազրույցում այսօր իրավական ոչ կոմպետենտության հերթական «մաստեր-կլասն» է ցուցադրել փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ զգացմունքային զեղումներով անհեթեթ դատողություններ շռայլելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արժանիքների և նրան արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու վերաբերյալ:

 

Ինչպես բնորոշ է դատավարական գործընթացում կրած պարտությունը արժանապատիվ կերպով տանել չկարողացող թույլիկ «պրոֆեսիոնալին», վերջինս նախընտրել է զուտ իրավական, մասնագիտական վեճը անձնավորված որակումների շրիշակային մակարդակի իջեցնելու տարբերակը՝ այդ կերպ թաքցնելով իր կողմից շոշափվող խնդիրների տարրական իրավակարգավորումներից չիմացության ակնհայտ իրողությունը:

 

Հակառակ դեպքում հրապարակային հայտարարություն անելուց առաջ իրեն հարգող իրավաբանը կբացեր «Դատախազության մասին» ՀՀ օրենքը և նախ կաշխատեր հասկանալ՝ ինչպես են կարգավորվում դասային աստիճանների շնորհման հետ կապված իրավահարաբերությունները ՀՀ գլխավոր դատախազի պարագայում:

 

Եթե «բազմափորձ» փաստաբանը մանիպուլյացիաների միջոցով մաղձը թափելու փոխարեն աներ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողին հարիր այդ տարրական, տնային աշխատանքը, կհասկանար, որ տվյալ դեպքում գլխավոր դատախազի դասային աստիճանի բարձրացումը օրենքի ուղղակի պահանջ է:

 

Միևնույն ժամանակ, բացարձակ զարմանալի չէ, որ իրավաբանությունը որպես «ծառայություններ» մատուցելու փեշակ դարձրած և նման ընկալումներով ու աշխարհայացքով մասնագիտական կենսագրություն կերտած անձը կարող է գլխավոր դատախազին մեղադրել ծառայություններ մատուցելու մեջ: Ինչպես ասում են՝ ամեն մարդ դիմացինին չափում է սեփական արշինով»,- գրել է գլխավոր դատախազի խորհրդականը: 

 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազին այս տարվա հուլիսին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի կոչում, իսկ հետո՝ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, ինչը զինվորական հիերարխիայում հավասար է գեներալ-լեյտենանտի կոչմանը։

Քաղաքականություն

Պատահարներ