Բոլոր տեղեկությունները, որ տարածվում են իմ մասին և փորձում են սևացնել ինձ. Վանեցյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ղեկավարի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակմանը հետևած կրքերի բորբոքումը զուտ աղմուկ բարձրացնելու փորձ է համարում:

 

«Քաղաքական դրդապատճառներ չեմ տեսնում, տեսնում եմ հետաքրքրություն՝ աղմուկ բարձրացնելու: Ցանկացած քայլ, որ արվում է ընդդեմ ֆուտբոլի, չի արվում ընդդեմ Վանեցյանի, արվում է հայկական ֆուտբոլի դեմ: Ցանկացած ոտնձգություն հայկական ֆուտբոլի դեմ անթույլատրելի է»,- ասաց նա:

 

Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հրաժարականից հետո աշխատում է որևէ հանրային հայտարարություն չանել, մասնակցություն չի ունենում այս կամ այն իրադարձություններին, բայց իր երկրից բացակայելը, մեկի հետ սրճարանում հանդիպելը և այլն դառնում է քննարկման առարկա:

 

«Դա էլ հերիք չի, իմ հրաժարականից հետո որոշ լրատվամիջոցներ գրեթե ամենօրյա ռեժիմով կեղծ լուրեր են տարածում իմ մասին, դրանցից որևէ մեկը չի հաստատվել: Ես, իհարկե, կարող եմ մշտապես հանդես գալ հերքումներով, բայց չեմ ուզում այդպես անել կամ դատական հայցեր ներկայացնել, որ հանգստանան և շարժվեն առաջ: Ուղղակի օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել. այն բոլոր տեղեկությունները, որ տարածվում են իմ մասին և փորձում են սևացնել ինձ, իրականության հետ որևէ կապ չունեն»,- նշեց Վանեցյանը:

Քաղաքականություն