Հունիս ամսին ես 2 անգամ զանգեցի Նիկոլ Փաշինյանին, բայց ինքը հետ չզանգեց. Մանուկյան

Հունիս ամսին ես 2 անգամ զանգեցի Նիկոլ Փաշինյանին, բայց ինքը հետ չզանգեց. դա աննախադեպ էր: Այս մասին այսօր Հանրային խորհրդի նիստում ասաց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

 

«Ասեմ՝ ես հեղափոխություններին կողմ չեմ, բայց ստեղծվել էր մի իրավիճակ, որը հույս էր տալիս, որ մեր պետությունը ինչ-որ ճանապարհով պիտի գնար: Նոր փուլ էր սկսվում պետության զարգացման մեջ: Ինչ-որ կետից հետո ես սկսեցի հիասթափվել, որովհետեւ տեսա, որ այն ինչ որ արվում է մեզ չի տանելու այդ ուղղությամբ:

Ինձ համար ընդունելի չէր քննարկումները վեթթինգի մասին, անցումային արդարադատություն, Մարտի 1-ի դատավարությունը քաղաքականացնելը, դատավորների վրա հարձակումները: Եվ ես հունիս ամսին անհանգստացած որոշեցի հանդիպել Նիկոլ Փաշինյանին եւ իմ խորհուրդներն ու կասկածները իրեն հաղորդել: Հունիս ամսին ես 2 անգամ իրեն զանգեցի, ինքը հետ չզանգեց: Դա աննախադեպ էր, որովհետեւ այդպիսի բան ոչ իր հետ էր եղել, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Քոչարյանի եւ ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ես զգացի, որ այդ մարդը չի ուզում խոսել»,- ասաց Մանուկյանը:

 

Մանուկյանի համար զարմանալի են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Ըստ նրա՝ սկզբում ասում էին, թե կոռուպցիայի դեմ պայքար են տանում, բայց այժմ այդ գործընթացը ստացել է անհասկանալի բնույթ. ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքն էլ դրա վառ օրինակն է։

 

«Հիմա ես ապրում եմ մի երկրում, որը նման է 1937 թվականին»,- ասաց Մանուկյանը:

 

Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին Հանրային խորհրդի ուղղությամբ հարվածներ են տեղում, որոնք առաջին հերթին՝ ուղղված են իր դեմ։ Ավելին՝ քննարկում են՝ արդյո՞ք Հայաստանին պետք է Հանրային խորհուրդ։

Քաղաքականություն

Պատահարներ