Որտեղի՞ց Մանվել Գրիգորյանին 109 միավոր անշարժ գույք. մանրամասներ

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանը որոշել է իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը փոխանցել դատարանի դեպոզիտային հաշվին՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում: 

 

Դատարանը կփոխի նրա խափանման միջոցը, թե ոչ՝ հայտնի չէ, բայց Մանվել Գրիգորյանի այդ քայլը հասարակությանը ստիպում է կրկին անդրադառնալ այն հարցին, թե որտեղի՞ց նրան 109 միավոր անշարժ գույք: Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս պատահեց, որ արցախյան պատերազմի մասնակիցներից մի քանիսը կարողացան «կապիտալիզացնել» իրենց մարտական անցյալն ու հսկայական հարստություն կուտակել՝ Հայաստանն ընկալելով որպես ռազմավար ու վերցնելով այն ամենը, ինչ իրենց դուր է գալիս:

 

Ի վերջո՝ միայն Մանվելը չէ, որ այդպես է վարվել: Մեծ հաշվով՝ Ռոբերտ Քոչարյանն էլ է այդպես վարվել. Հայաստան է եկել որպես «արցախյան պատերազմի հերոս», շահարկելով դա՝ դարձել նախագահ, կարճ ժամանակում վերցրել այն ամենը, ինչ իրեն դուր է եկել ու նույնիսկ հրապարակավ կասկած հայտնել, որ Հայաստանում իրենից բացի այլ տղամարդ էլ կա: Նրա ունեցածը, վստահաբար, «109 միավոր անշարժ գույքից» ավելին է (ինքն ասում է, որ ՀՀ-ում իր ընտանիքի կարողությունների չափ կարողություն ունի եւս 200 ընտանիք), բայց այդ ունեցվածքը որեւէ դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցելու փոխարեն նրա կողմնակիցներն այս օրերին Հայաստանի տարբեր մարզերում ու Արցախում ի պաշտպանություն «շեֆի»՝ ստորագրահավաք են անցկացնում:

 

Խնդիրը նույնիսկ այն չէ, թե ինչի տակ են ստորագրում քաղաքացիները (եթե ստորագրում են): Մուլտիմիլիոնատեր նախկին նախագահն, իհարկե, կարող է օգտագործել իր ֆինանսական ռեսուրսները ու անգամ յուրաքանչյուր ստորագրության համար, ասենք, մի հարյուր դոլար վճարել (եղածը մեծ բան չէ՝ ընդամենը տասը միլիոն դոլար, եւ հարյուր հազար ստորագրություն կունենա), բայց հարց է ծագում՝ ի՞նչ կապ ունի դա արդարադատության հետ: Ժամանակին ինքն ու Սերժ Սարգսյանը նույն մեթոդներով ընտրություններում «տոկոս էին խփում» ու նախագահ դառնում, բայց դրանից նրանց լեգիտիմության աստիճանը չէր բարձրանում՝ անգամ նրանց աչքում, ովքեր վերցնում էին այդ ընտրակաշառքը կամ տեղի տալիս տարատեսակ ճնշումների:

 

Խնդիրն այն է, որ լեգիտիմությունն անհրաժեշտ է ոչ միայն իշխանություններին, այլեւ ընդդիմությանը: Ընդ որում՝ եթե մարդկանց կաշառելով (կամ ահաբեկելով) հնարավոր է պահպանել իշխանությունը եւ լեգիտիմության պատրանք ստեղծել, ապա նույն մեթոդներով ընդդիմության առաջնորդ ու «ժողովրդի սիրելին» դառնալ հնարավոր չէ: Եթե անգամ մարդիկ, կարիքից դրդված, վերցնեն «պիցցան», միեւնույն է՝ տվողին լեգիտիմ ընդդիմություն չեն համարելու ու նրա ետեւից չեն գնալու: Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ են նախկինները միջոցներ ծախսում հանրային գոնե չնչին աջակցության պատրանք ստեղծելու համար: Միակ բացատրությունն այն է, որ նրանց այդ պատրանքն էլ է հերիք: Այդ դեպքում տեսականորեն հնարավոր է արտաքին ուժերի աջակցությամբ երկրում հեղաշրջում իրականացնել ու վարձու «կողմնակիցների» միջոցով ցույց տալ, թե դա «ժողովրդի կամքն էր»:

 

 Պարզ ասած՝ առաջ որպես իշխանություններ էին կեղծում, հիմա փորձում են որպես ընդդիմություն կեղծել: Ավելի ճիշտ՝ առաջ կեղծ իշխանություններ էին (որովհետեւ ժողովրդի քվեները չէին ստացել), հիմա կեղծ ընդդիմություն են (որովհետեւ ժողովրդի աջակցությունը չունեն):

 

Արդյունքում՝ կեղծ պայքար են մղում: Կեղծ, որովհետեւ դա ներկայացնում են որպես քաղաքական պայքար, մինչդեռ իրականում պայքարում են ընդամենը հանուն իրենց արածների համար պատասխանատվությունից խուսափելու: Իսկ աջակիցների «մասսովկան» ընդամենը այդ կեղծիքը քողարկելու համար է:

Քաղաքականություն