Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը Ֆլամանական խորհրդարանում է

Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Ֆլամանական խորհրդարանում:

Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խմբի անդամների և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Ֆլամանական խորհրդարանում։

Ֆլամանական խորհրդարանի ութ անդամներ, այդ թվում բելգիացի սենատորներ մասնակցել են հանդիպմանը, որին ներկա էին նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր-Խաչատուրեանը, ինչպես նաև Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը և գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։

Ի թիվս այլ թեմաների, հանդիպման մասնակիցները քննարկել են Արցախի և Ֆլանդրիայի միջև ապակենտրոնացված համագործակցության ներուժը, մասնավորապես գյուղատնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում: Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է վերջին տարիների ընթացքում Արցախի կողմից հաստատված միջազգային կապերը, ինչպես նաև երկրում անվտանգության իրավիճակը:

Քննարկման առանցքային կետերից մեկը Արցախի աշխարհաքաղաքական մեկուսացումն էր՝ պարտադրված Ադրբեջանի իշխանությունների կողմից, մասնավորապես՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման անհնարինությունը: Չնայած այն հանգամանքին, որ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ իրենք մտադիր են օդանավակայանը գործարկել միայն քաղաքացիական նպատակներով, Ադրբեջանի կառավարությունը սպառնում է խոցել ցանկացած ինքնաթիռ, որը կփորձի թռիչք կամ վայրէջք կատարել Ստեփանակերտում:


 

Քաղաքականություն

Պատահարներ