Կաշառքի գործով ձերբակալված ավագ տեսուչը ազատ է արձակվել, իսկ տեսուչը՝ կալանավորվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչին եւ տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար:

 

Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ավագ տեսուչի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ մի քաղաքացու հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը նրա օգտին լուծելու համար ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը և նույն բաժանմունքի տեսուչներից մեկը հետաքննիչի հետ բանակցելուց հետո քաղաքացուց՝ որպես կաշառք պահանջել են 200 դոլար, ապա սակարկությունների արդյունքում պայմանավորվել են 50․000 դրամի շուրջ։

 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նոյեմբերի 4-ին Ազատության պողոտայում՝ որպես կաշառք պահանջված 50․000 դրամը ստանալուց անմիջապես հետո համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը բռնվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր կաշառքի առարկա հանդիսացող 50․000 դրամը։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ եւ ավագ տեսուչն ու տեսուչը ձերբակալվել էին:

Քաղաքականություն

Պատահարներ