Վարչապետը շրջայց է կատարել նորաբաց Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնում

Ինչպես արդեն հայտնել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել նոր՝ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը: 

Կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ չարորակ ուռուցքների ախտորոշումը և բուժումը: Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ: 
Վարչապետը կենտրոնի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել ստեղծված պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը: 
 

Կենտրոնն աշխատելու է ժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ գերմանական SIEMENS ընկերության արտադրության Գամմա խցիկով (SPECT), որը աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող նորագույն ախտորոշիչ սարք է: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել ոչ միայն վահանաձև գեղձի, այլև մյուս օրգանների ուռուցքային հիվանդությունները, ինչպես նաև սրտանոթային և ոսկորային խնդիրները: Հետազոտություններն իրականացվելու են ռադիոակտիվ իզոտոպներով: 

Հաշվի առնելով բժշկության այս բնագավառի առանձնահատկությունները՝ բժիշկների կողքին աշխատելու են նաև հատուկ վերապատրասված միջուկային ֆիզիկներ:

 

Կենտրոնը ղեկավարելու է ռադիոլոգ Նատալյա Շենգելիա-դե Լանգեն:


 

Քաղաքականություն

Պատահարներ