Վարձով տները թանկացել են 20-40%-ով

-Ձեր կողմերում կհարցնե՞ս՝ վարձով տուն չկա՞,- երկարաժամկետ վարձակալողները սովորաբար ծանոթների միջոցով են սկսում հարմար բնակարանի փնտրտուքը՝ հուսալով, որ առանց միջնորդի ավելի մատչելի վարձավճարով բնակարան կգտնեն:

 

Դա այդպես է, բայց չխաբվելու համար վարձակալության միջին գները պետք է իմանալ, իսկ դրա ամենադյուրին տարբերակը հայտարարությունների կայքերով ճշտելն է: Եվ, միևնույնն է, միջնորդով, թե առանց միջնորդի, վարձակալությունն այս տարի նախորդ տարվա համեմատությամբ թանկ է 20-40 տոկոսով:

 

Armtimes.com-ի հետ զրույցում անշարժ գույքի գործակալներն ու իրենց սեփական գույքը վարձակալությամբ տվող մարդիկ նշեցին, որ վերջին ամիսներին Երեւանում վարձակալելը թանկացել է:

 

«Տարիներ շարունակ այս գործն եմ անում և վերջին ամիսներին, կարող եմ հաստատ ասել, կա գների բարձրացում քաղաքի բոլոր հատվածներում: Նույն պայմաններով՝ կահույք չավելացնելով, որևէ նորոգում չանելով, տանտերերը տալիս են միջինը 30-40 հազար դրամ ավելիով: Ոմանց հետ ես դադարեցրի համագործակցությունս, քանի որ կրկնակի գումար էին պահանջում: Օրինակ՝ անցյալ տարի 3-րդ մասում 2 սենյականոց բնակարանը կարող էի հանձնել 90-110 հազար դրամով, այս տարի՝ ոչ պակաս՝ 140-150 հազար դրամ է»,- ասել է  «Ռիալթոր» գործակալության աշխատակից Հասմիկ Մելքոնյանը:

 

Նրա դիտարկմամբ՝ վարձակալների համար հաճախ շատ դժվար է այդ բարձրացած գները վճարել. «Վճարում են՝ ի վնաս իրենց կենցաղային բարօրության, իրենց ապրելու գումարն են կրճատում: Օրեր առաջ մի տանտեր ասաց, որ երկարաժամկետ բնակվողի հետ պայմանավորվեմ ավելի բարձր գնով. եթե համաձայն է, թող մնա, եթե չի կարող, պիտի դուրս գա: Բնակարանն ամսական 90 հազարով էր տվել: Մարդը դուրս եկավ, և քանի որ այդ գնով բնակարան մեզ մոտ չկար, իրեն չէինք կարող առաջարկել, էլ չգիտեմ՝ գտավ-չգտավ, ինչ արեց»:

 

Գործակալի խոսքով՝ վարձավճարների բարձրացումը կապված է հետհեղափոխական ոգևորության հետ. «Սա հեղափոխությունից հետոյի ստվերն է. մարդիկ դրական փոփոխություններ են սպասում, նոր եկամուտներ, և գներն էլ բարձրացնում են»,- ասել է նա:

 

Սեփականատեր Մարիաննա Գալստյանը նկատեց, որ բնակարան վարձելը չի թանկացել Կենտրոնում, սակայն բարձրացել են վարձակալության գները ծայրամասերում՝ Շենգավիթ, Աջափնյակ, Նորք, և, հատկապես, միջին արժեքի բնակարանների համար: «Կենտրոնում գները նույնն են, նույնիսկ մի փոքր նվազել են ամառվա սեզոնից հետո: Նաև այդ նվազումը պայմանավորված է այն փաստով, որ շատերն արտերկրից գալիս են, գնում բնակարաններ՝ այստեղ հանգիստ անցկացնելու համար: Նախկինում, եթե մի շրջան ապրում էին վարձով, հիմա այդ շրջանում Հայաստանում ապրելու համար ձեռք են բերում բնակարան: Նաև նկատել եմ, որ գնում են բնակարան՝ հիմնական տեղափոխվելու, Հայաստանում ապրելու համար. ներգաղթողներից ինձ առավելապես հանդիպել են բեյրութցիներ: Եվ այս պարագայում Կենտրոնի վարձակալության պահանջարկը նվազում է, և գինն էլ չի կարող բարձրանալ»,- ասել է նա:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ