ՀՀԿ-ն Ծաղկաձորում աշխատաժողով է անցկացրել

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը․ մարտահրավերներ եվ լուծումներ» աշխատաժողովը, որն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։ 

 

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Աշխատաժողովը համախմբել է ՀՀԿ տարբեր կառույցների ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ, Հայաստանը Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Մասնակիցները քննարկել են կուսակցական աշխատանքի կազմակերպման նոր մարտահրավերները, ամբոխավարական քաղաքական օրակարգի պարագայում գաղափարական քաղաքական միավորների գործունեության առանձնահատկությունները, կանանց և երիտասարդների դերակատարումը կուսակցական քաղաքականության մեջ և այլ թեմաներ։

Անդրադարձ է կատարվել արտաքին և ներքաղաքական օրակարգերի փոխկապակցված հիմնախնդիրներին, մարդու իրավունքների արդի վիճակին, տնտեսական ցուցանիշների դինամիկային և մամուլի ազատությանը։

Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, զեկույցներով հանդես են եկել տարբեր ոլորտների առաջատար փորձագետներ և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Կարևորվել են հիմնական աշխատանքային առաջնահերթությունները և տրվել ոլորտային հանձնարարականներ։

 

Քաղաքականություն