Ոչ մի սանտիմետր հող պատրաստ չենք տալ. Արայիկ Հարությունյան

Քննարկվող փաստաթղթերը, Մադրիդյան սկզբունքները մեզ համար ընդունելի չեն, ինչի մասին բարձրաձայնել ենք: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան, ասաց Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝  պատասխանելով հարցին, թե եթե ասում եք, որ Արցախի հարցում այսօր ձեր դիրքորոշումը ՀՀ դիրքորոշումից չի տարբերվում, արդյոք նախկին իշխանության դիրքորոշումից տարբերվում էր: 

«Ես չեմ ասում, որ նախկին իշխանությունները միանշանակ ընդունել էին Մարդիդյան սկզբունքները, որովհետև վերջնականապես հանրության հետ երկխոսություն չի եղել, բայց դա քննարկվել է, և ես ասել եմ, որ դա քննարկելու փաստաթուղթ չէ մեզ համար ու բարձրաձայնել ենք՝ անիմաստ քննարկում եք, չի լինելու դա»,- ասաց նա և նշեց, որ եթե նախկին իշխանությունները Մադրիդյան սկզբունքները իրենց համար հիմք են ընդունել, ապա մեզ համար դա քննարկելու համար բավարար հիմք չէ:

«Այս փուլում Հայաստանի իշխանությունները շարունակում են հանդիպումները Մինսկի խմբի և հակառակորդի հետ, ոչ մի բանակցություն չկա: Եթե լինի առանցքը, որի շուրջ հնարավոր կլինի բանակցել, ինձ թվում է՝ առաջին փուլում բանակցությունը վարելու են Հայաստանի իշխանությունները, հետո, անպայման, միանալու է Արցախը: Առանց Արցախի բանակցություններ չի կարող տեղի ունենալ կարգավորում, իսկ հանդիպումներ՝ ինչքան ասես թող լինի»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը  նշեց, որ իրենց համար նախապայման է Արցախի ինքնորոշման իրավունքը. եթե դա չի քննարկվում, կամ կասկածի տակ է դրվում, ապա իրենք բանակցելու ոչինչ չունեն:

Ինչ վերաբերում է փոխզիջմանը, նա ասաց.«Ինչ փոխզիջում, չկա նման բան: Երբ արդեն ճանաչի մեր ինքնորոշման իրավունքը կնստենք բանակցելու, տեսնենք, ինչ կա զիջելու կամ չզիջելու, այսօր չկա տրամաբանություն որևէ բան հայտարարելու: Իհարկե, ոչ մի սանտիմետր հող մենք պատրաստ չենք տալու, սակայն ինքնորոշման իրավունքը ճանաչելուց հետո, պատրաստ ենք հանուն երկարատև խաղաղության, կայունության բանակցել»,-ասաց նա:
 

Քաղաքականություն