ԵՊՀ 100-ամյակի հոբելյանական նիստի կեսից նախարարը դուրս եկավ դահլիճից, դա անհարգալից վերաբերմունք էր. Ափոյան

ԵՊՀ ուսանողները վճռական են տրամադրված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցում, և անգամ վարչապետի հետ զրույցից հետո չեն փոխել իրենց դիրքորոշումը և շարունակելու են պայքարը, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

«Նախարարն իրոք իր պաշտոնավորման ընթացքում շատ թերություններ է ցույց տվել։ Երբ նա ԵՊՀ 100-ամյակի հոբելյանական նիստի կեսից դուրս եկավ դահլիճից, դա ամենամեծ անհարգալից վերաբերմունքն էր մայր բուհի նկատմամբ։ Բացի այդ՝ մենք շատ խնդիրներ ենք տեսնում նաև կրթության ոլորտում», - ասաց նա։

Դավիթ Ափոյանը միաժամանակ նշեց, որ բուհերին պետք է ինքնավարության տրվի։

«Մենք կփորձենք հասկանալ ԵՊՀ բոլոր ուսանողների դիրքորոշումը։ Հայ բանասիրության և պատմության ֆակուլտետում արդեն իսկ դասադուլ է. երևույթը կարող է դրական իմաստով «վարակիչ» լինել այլ ֆակուլտետների համար ևս», - ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահը։

Հարցին՝ ե՞րբ ուսխորհուրդը պաշտոնական դիրքորոշում կհայտնի ԵՊՀ ուսանողների դասադուլների, նախարարի հրաժարականի պահանջի վերաբերյալ, Դավիթ Ափոյանը նշեց՝ քննարկումների արդյունքում։ 

Քաղաքականություն

Պատահարներ