Ի տարբերություն այսօրվա ղեկավարների՝ Լավրովը բարձրաձայնեց Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին. Աշոտյան

Փաստորեն Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Նախկինում խոսելով Արցախյան խնդրի կարգավորման մասին, Փաշինյանն առաջարկում էր 3 ժողովուրդների համար ընդունելի լինելու սկզբունքը, ինչը շատ բուռն քննադատության արժանացավ Հայաստանի ներսում։

 

Եւ ահա այսօր Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովին նա փաստացի ասել է 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին։

Առաջին հայացքից սա չնչին տարբերություն է, սակայն իրականում խորքային մեծ իմաստ ունի։

 

Եթե առաջին տարբերակը մաքուր եւ վտանգավոր պոպուլիզմ էր, ապա երկրորդը՝ բանակցային գործընթացի սկզբմավորումից մինչ այսօր գոյություն ունեցող բանակցային տրամաբանություն։

 

Շնորհակալ ենք ՌԴ ԱԳ նախարարին այս բացահայտման համար։ Նաեւ այն բանի համար, որ ի տարբերություն Հայաստանի այսօրվա ղեկավարների՝ բարձրաձայնեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

 

Լավրովի խոսքերից պարզ դարձավ նաեւ, որ բանակցային սեղանին մեր օրոք բանաձեւված սկզբունքներն են, ինչքան էլ Փաշինյանը հայտարարի սեփական կետից գործընթացը շարունակելու մասին։

 

Ինչ վերաբերում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկությանը, ապա, ավաղ, այն փաստացի գերակա չի դիտվում ռուսական կողմի համար։

 

Լավրովի այցի այլ ուղերձների մասին կարտահայտվեմ առանձին»:

Քաղաքականություն

Պատահարներ