Լավրովի հայտարարությունը և՛ պատգամ է, և՛ մեսիջ, և՛ ԵԱՀԿ հավաքական մոտեցում․ Բաբայան

ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը և՛ պատգամ է, և՛ մեսիջ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հավաքական մոտեցում: Պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս կրկնում և ընդգծում է, որ չի կարող լինել համապարփակ կարգավորում առանց Արցախի անմիջական մասնակցության, այն էլ բանակցությունների բոլոր հարթություններում: 

Ընդ որում՝ Արցախի մասնակցությունը պետք է կայուն կերպով վերահաստատվի, այլ ոչ թե առկախվի Ադրբեջանի հիստերիայի պատճառով: Արցախը պատրաստ է քննարկել ցանկացած հարց, բայց վերադարձ անցյալին չի կարող լինել, լինի դա տարածքների, սահմանների, թե կարգավիճակի առումով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

 

Նրա խոսքով` հարցն արդեն հասնում է ամենաբարձր ատյաններ և նշված կարևոր նախապայմանի մասին խոսում են ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներ ու ղեկավարներ: 

 

«Փոխզիջումների հասնելը շատ դժվար է, սակայն արցախյան կողմը միշտ ասել է, որ ցանկացած քայլ պետք է լինի համարժեք: Երբ խոսում ենք համապարփակ կարգավորման մասին, նկատի ունենք, որ կան մի շարք պայմաններ, առանց որոնց հնարավոր չէ լիակատար խաղաղության հասնել: Մաքսիմալիստական մոտեցումներն անընդունելի են»,- նշեց նա: 

 

Երբ Ադրբեջանը քարոզում է, որ Շուշին, Զանգեզուրը, Երևանն ու Սևանը իրենն է, անհնար է որևէ փոփոխություն ակնկալել:

 

Ըստ Բաբայանի՝ մենք խոսում ենք Ադրբեջանի` մեզ պարտադրված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մասին, իսկ նրանք շեշտում են հայ-ադրբեջանական եզրույթը, այսինքն՝ նրանք խնդիրը դիտարկում են երկու ժողովուրդների ընդհանուր տիրույթում: Նրանց համար Զանգեզուրն էլ, Երևանն ու Սևանն էլ են հակամարտության մեջ: Սա լիրիվ այլ աշխարհայացք է, այլ գաղափարներ: 

 

 

«Որպեսզի լինի համապարփակ կարգավորում, իհարկե, բոլոր կողմերը պետք է համաձայնվեն: Պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ այդ մասին խոսում է, և այդ թեզը ներկայացնում է նաև պաշտոնական Երևանը: Անհնար է հասնել համապարփակ կարգավորման առանց ժողովուրդների միջև պատմական հաշտության կնքման, ինչին, օրինակ` հասան գերմանացիներն ու ռուսները, գերմանացիներն ու ֆրանսիացիները»,- ասաց Բաբայանը: 

 

Նրա համոզմամբ՝ մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, մենք ցեղասպան չենք, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է քարոզել հայատյացություն, մինչդեռ կարգավորումը պետք է սկսել ամենաստորին օղակներից, մանկապարտեզներից, դպրոցներից՝ զերծ մնալով ատելության քարոզից, հակառակ պարագայում վերին ատյաններում չի լինի կարծիքների ու մոտեցումների փոփոխություն: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ