ԼՀԿ-ն առաջարկում է հատուցում նախատեսել երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 11-ին քննարկվեց, սակայն չքվեարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում և առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում:

 

Նախագծի հեղինակ Մանե Թանդիլյանն ասաց. «Մեր առաջարկը չի վտանգելու հիմնադրամի կայունությունն ու շարունակականությունը»:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս հիմնադրամի կողմից հավաքագրվող միջոցները գերազանցում են արդեն իսկ կատարված հատկացումների չափը, հիմնադրամը մշտապես գործող կառույց է և արդեն իսկ կուտակել է մեծածավալ պարտականություններ՝ առաջիկա քսան տարվա համար:

 

 Այժմ հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները մոտ 17 մլրդ դրամ են, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումներն ընդամենը 1,2 մլրդ դրամ են կազմել: Հետևաբար, նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությունը: Ավելին, քննարկվող օրենքի հոդվածերից մեկով ևս նախատեսում է շահառուների այլ շրջանակի և հատուցումների ավելացում՝ կախված ֆինանսական գործունեության արդյունքներից:

Հարցի քվեարկությունը հանձնաժողովը թողեց հաջորդ նիստին՝ հնարավորություն տալով կառավարությանն ավելի մանրամասն ծանոթանալ թվային տվյալներին:

Քաղաքականություն