ՊՆ նախարարի տեղակալը` բանակում ինքնասպանության դեպքերի մասին

«Իհարկե, կատարյալ կլինի, որ ինքնասպանության դեպքեր կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր տեղի չունենան: Մենք մեր հետևություններն անում ենք, և համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պատիժը ստանում են: Բոլոր դեպքերում բանակում հնարավոր չէ խուսափել նման դեպքերից: Ցավոք, զինված հերթապահություն իրականացնող ստորաբաժանումերում, հնարավոր չէ ամբողջովին ապահովագրվել: 

 

Դա ես համարում եմ թերություն, և շատ անելիքներ կան, որպեսզի այդ ամենը բացառենք». նոյեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ է արվում բանակում ինքնասպանության դեպքերը կանխելու համար:

 

Նշենք, որ այս տարի ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերով 9 քրգործ է հարուցվել: Պաշտոնյայի տեղեկացմամբ, անցյալ տարի նման դեպքերը 1-ով պակաս են եղել:

 

Հարցին՝ փոխնախարարը վստահություն ունի՞, որ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու բոլոր դեպքերն են իսկապես այդպիսին. մահացած զինվորների հարազատները բռնության հետքերի առկայության մասին են պնդում, Գ. Բալայանը նշեց, որ բացառել պետք չէ, դա ինքնասպանության հասցնելուց առաջ ծեծկռտուքի հետևանք կարող է լինել:

 

«Քրեական գործով կարող են այլ եզրահանգումներ լինել: Ամեն բան արվում է քրեադատավարական ընթացակարգերի համաձայն»,- ամփոփեց Պաշտպանության նախարարի տեղակալը:

Քաղաքականություն

Պատահարներ