Սա կարմիր քարտ է Արայիկ Հարությունյանին, որպեսզի նա հեռացվի դաշտից․ Արծվիկ Մինասյան

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ով մասնակցում էր ուսանողների բողոքի ակցիային այսօր, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը այս գործընթացի խորքային պատճառը չի ըմբռնել, սա պայքար է ազգային և ապազգային երևույթների ու մտածողության շրջանակներում։

 

Ա․ Մինասյանի խոսքերով՝ այն, ինչ իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հակաօրինական է․

«Ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը և իր խորհրդատուները փորձում են ապակողմնորոշել այս ընդվզումը, որ երիտասարդության շրջանում առաջացավ»

 

«Ա1+»-ի հարցին, թե չունի՞ արդյոք տեղեկատվություն, թե ինչ քրեական գործերի մասին էր ակնարկում Արայիկ Հարությունյանը, Արծվիկ Մինասյանն արձագանքեց․

 

«Բացարձակ տեղեկատվություն չունեմ, եթե դուք ունեք, խնդրեմ, ասեք, ինձ թվում է՝ ինքն էլ չունի, պարզապես հայտարարություններ է անում օդում։ Արայիկ Հարությունյանը հայատարարում է, թե ոնց է, որ դաշնակցական քաղծառայողները մինչև հիմա շարունակում են աշխատել, սա իրավական տգիտության լավագույն դրսևորում է։ Այսպիսի ձգտումը նաև բացահայտում է մարդու էությունը։ Այստեղ ֆորմալ առումով պահանջ է դրված հրաժարվել այդ խորքային մոտեցումից»։

 

Հիշեցնենք, որ նախարար Հարությունյանը հայտարարել էր․ 

«Ճիշտն ասած, երեկ իրենց բերած արկղերը պատրաստվում եմ լցնել տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին և հետ ուղարկել իրենց»։

 

Մեր մյուս հարցին, թե տեսնո՞ւմ են  լուրջ հանրային աջակցություն այս շարժմանը՝ գնահատելով վերջին օրերի արձագանքը, որվհետև, օրինակ, վարչապետը կասկած հայտնեց, որ հանրությունը կիսում է շարժման տեսակետը,Արծվիկ Մինասյանն արձագանքեց․

 

«Դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետն է, եթե իրեն թվում է,որ ինքը այնքան ժողովրդավար է, որ կարող է այդպիսի հարցեր առաջ տանել, սխալվում է, որովհետև մեր ժողովուրդը շատ զգայուն է այսպիսի հարցերի նկատմամբ, անհրաժեշտ է գիտակցել, որ չի կարելի կեղծ օրակարգ բերել երկիր»: Ա․ Մինասյանի խոսքերով՝ սա կարմիր քարտ է Արայիկ Հարությունյանին, որպեսզի նա հեռացվի դաշտից։

Քաղաքականություն