Լիբանանում իսկական քաոս է. ժողովուրդը իշխանությանը դեմ է, իշխանությունն ասում է` ժողովուրդի հետ եմ

Լիբանանի Կաթողիկե դպրոցների ընդհանուր քարտուղարությունը երեկ հաստատեց, որ այսօր դպրոցական սովորական օր է: Լիբանանի Կրթության նախարարը հայտարարեց, որ Լիբանանի տարածքում գործող կրթական բոլոր հաստատությունները այսօր ևս պետք է փակ մնան` երկրում տեղի ունեցող ցույցերի պատճառով: Խորհրդարանի նախագահը այսօրվա նիստը հետաձգեց` անվտանգության նկատառումներով: 

«Հեզբոլահ»-ի  առաջնորդը հայտնում է, որ երկիրը ավելի ապահով է, քան Վաշինգտոնը: 

 

Տիրող իրավիճակի պատճառով, բանկերը երեկ երեկոյան հստակ չկարողացան որոշել` այսօր աշխատելու են թե՞ ոչ: Լիբանանի կենտրոնական բանկի կառավարիչը պնդում է, որ լիբանանյան դրամանիշն ու բանկային համակարգը ամուր են: 

 

Միջազգային տնտեսական և քաղաքական կողմերը մտահոգ են Լիբանանի դրությամբ ու զգուշացնում են: Լիբանանի նախագահը տեղի հեռուստատեսությանը հարցազրույց պետք է տա` Լիբանանում տեղի ունեցող վտանգավոր իրավիճակի մասին: Ժողովուրդը հրապարակում է, ցույցերը շարունակվում են: 

 

Ընդվզող ժողովուրդը իշխանությանը մեղադրում է երկրում տնտեսական տագնապ ստեղծելու մեջ, մինչդեռ ժողովուրդը հեղափոխություն է անում նույն այդ տագնապի պատճառով:

Ժողովուրդը իշխանությանը դեմ է: Իշխանությունն ասում է` ժողովուրդի հետ եմ: 

 

Քաղաքական կողմերի հայտարարություններից տպավորություն է, որ իրենք բոլորն էլ դժգոհ են պետությունից, մինչդեռ պետությունը իրենք են:

Իսկական քաոս… ուր, ո՛վ ու՞մ հետ և ո՛վ ու՞մ դեմ է, հարցական է: 

Ոչինչ հայտնի չէ...:  Երկրի վիճակը անհստակ հեռանկար ունի: Ապրում ենք մի իրավիճակի մեջ, որն իր նմանը չունի: 

 

Լիբանանի հայկական «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյան

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ