Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վերսկսվեց նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որը ժամեր առաջ հետաձգվել էր, քանի որ Գրիգորյանը նիստին ներկա չէր։

 

«Նաիրի» բ/կ-ի բժիշկներն արդեն Մ․ Գրիգորյանին թույլատրել են ներկա գտնվել դատական նիստին։ Գրիգորյանը միացված է թթվածնային խողովակ։ Նիստերի դահլիճում են նաեւ շտապօգնության բժիշկները:

 

Այսօրվա նիստի ժամանակ պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:

Երբ նիստի ժամանակ պաշտպանական կողմը փորձեց նախորդ նիստերն առանց ամբաստանյալի անցկացնելու հանգամանքը ներկայացնել որպես օրենքի խախտում, մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը ասաց, որ նախորդ նիստերը գերակշիռ մասով եղել են պաշտպանական կողմի միջնորդությունների հիման վրա․

 

«Ամեն նիստին առանց ամբաստանյալի անհապաղ միջնորդություններով փորձում էին խափանման միջոցի հարց բարձրացնել, հետեւաբար իրենց կողմից ներկայացված միջնորդությունները դատարանին վերագրելն այս պարագայում ազնիվ չէ։ Պետք է հաշվի առնել այն հանգամանաքը, որ վարչական մարմնի միջնորդությունն ընդամենը տեխնիկական խնդիր լուծելու հարց է, իսկ մնացած դատավարական պրոցեսներն իրականացվել են քրեական դատավարության շրջանակներում, եւ տեխնիկական հարցի լուծումը կապել դատարանի կողմնակալության հետ՝ անհիմն է»,- ասաց մեղադրող դատախազը։

 

Պետրոսյանի խոսքով՝ պաշտպանը փորձեց նշանակված դատաբժշկական փորձաքննությունը  նույնացնել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների հետ, որը, դատախազի խոսքով՝ իրավական աբսուրդի ժանրից է․

 

«Պաշտպանը միախառնում է երկու տարբեր իրավական ինստիտուտներ․ քրեական իրավունքի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը, որն իրականացվում է միայն անմեղսունակ անձի վերաբերյալ, եւ դատաբժշկական փորձաքննության նշանակումը, որն իրականացվում է քրեական դատավարության սահմանված կարգավո։ Հետեւաբար, իրենց կողմից նշանակված գնահատականները ոչ միայն սուբյեկտիվ ընկալման արդյունք են, այլեւս փորձում են խեղաթյուրել երկու տարբեր իրավական ինստիտուտներ եւ ստանալ ցանկալի պատասխաններ»,- ասաց մեղադրող դատախազը։

 

Նա դատարանին խնդրեց մերժել նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։

 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

 

Քաղաքականություն

Պատահարներ