Ուր են անհետացել Գյումրու քաղաքապետարանի արխիվային փաստաթղթերը

Գյումրու քաղաքապետարանի 2007 և 2008 թվականների արխիվային փաստաթղթերը չկան: Այս մասին այսօր՝ Գյումրու ավագանու հերթական նիստում ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետարանն ունեցվածքի վերահաշվառում է անելու: 

 

12 տարբեր շինություններ Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում են, բայց պարզվել է նաև, որ դրանք տարիներ առաջ օտարվել են ու ունեն սեփականաշնորհման վկայագրեր: Արդյո՞ք այդ օտարումների համար եղել են ավագանու որոշումներ. «Գալա» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հարցին ի պատասխան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանն ասել է.

 

«Ես չեմ կարող նման պատասխանատու հայտարարություն անել, թե այդ օտարումների համար ավագանու որոշումներ չեն եղել: Քանի որ արխիվում կան տարիներ, որոնց ընթացքում կատարված գործերը չենք գտնում: Այսպես ենք վարվում՝ մեր հանձնաժողովները գնում են տվյալ կառույցը, սեփականատիրոջից վերցնում են սեփականության վկայագիրը, այն պատճենահանում են, ինչն էլ մեզ հիմք է տալիս, որ տվյալ կառույցը մեր հաշվեկշռից հանենք, քանի որ այն տեր ունի»։

 

Իսկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել, է «Օրինակ՝ 2008 թվականի արխիվային փաստաթղթերը չկան, չկան նաև 2007-ի կեսի փաստաթղթերը»

Քանի դեռ պարզ չէ՝ ավագանու որոշումներով են քաղաքապատկան կառույցները օտարվել, թե ոչ, վերահաշվառման նախագիծը ավագանին վերապահումներով ընդունեց: Որոշիչ դարձավ «Գալա» խմբակցության ավագանու անդամի առաջարկը:

 

«Ես առաջարկում եմ այս նախագիծն ընդունել վերապահումներով կամ լրացումներով: Այս օտարումների հետ կապված համայնքի ղեկավարը կամ ավագանին դիմեն իրավապահ մարմիններին, որպեսզի պարզեն, թե ինչպես են կատարվել օտարումները: Եթե չկան փաստաթղթեր, ուրեմն տեղի է ունեցել քրեական հանցագործություն, իսկ եթե կան փաստաթղթեր, պարզապես մենք չունենք, դա արդեն ուրիշ հարց է»,- ասել է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

 

Հանձնարարական եղավ քաղաքի գլխավոր ճարտարապետին՝ օտարված բոլոր կառույցների համար կադաստրային տվյալներն ուսումնասիրել: Նիստի օրակարգային մյուս հարցերը գումարային հատկացումներին էին վերաբերում: 7 մլն ամանորյա հին զարդարանքները վերանորոգելու ևս 11 մլն վերանորոգված փողոցներում նոր զարդարանքներ տեղադրելու համար : Սա ամանորյա հատկացումների չափն էր, որի մեջ մտնում են նաև փոփոխված տեսքով ու զարդարանքով տոնածառ ունենալու ծախսերը:

Քաղաքականություն