Ոչ ոք չի կարող Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով խոսել. Փաշինյանը` ադրբեջանցի լրագրողին

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանի խոստացած` Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարությունն Արցախն արդեն ունեցել է, որը և ծնել է այս արյունով լի կոնֆլիկտը։ Եվ կրկնել այդ կարգավիճակը, նշանակում է այս ամբողջ հակամարտությունը սկսել զրոյից։

 

 Ոչ ոք չի կարող Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով խոսել։ Այս մասին այսօր Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Ադրբեջանցի լրագրողը փորձեց պարզաբանում ստանալ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստանն է, և վերջ» արտահայտության հետ կապված` նշելով, որ ամբողջ աշխարհը, միջազգային կառույցները, անգամ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել էին Ադրբեջանի մաս, և ինչքանով են նման հայտարարությունները նպաստում հակամարտության կարգավորմանը։

 

«Դուք ասում եք, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։ Այդ դեպքում` ինչու գոյություն ունի միջազգայնորեն ընդունված խումբը, որը կոչվում է ԵԱՀԿ Մինսկի խումբ և որին է մանդատ տրված որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։

Ձեր երկիրը ևս ներգրավված է այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային պրոցեսում։ Եթե Լեռնային Ղարաբաղը, ինչպես դուք եք նշում, միջազգայնորեն ճանաչվել է Ադրբեջանի մաս, ապա ինչո՞ւ եք դուք ներգրավվել Մինսկի խմբի բանակցություններում` որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Դա տարօրինակ չէ՞»,–հարցին հարցով պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

 

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանի խոստացած` Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարությունն Արցախն արդեն ունեցել է, որը և ծնել է այս արյունով լի կոնֆլիկտը։ Եվ կրկնել այդ կարգավիճակը, նշանակում է այս ամբողջ հակամարտությունը սկսել զրոյից։

 

«Ինչպես ես ասել եմ` հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Գալով Ստեփանակերտում իմ ասածին. մինչ այդ ես արդեն հայտարարել էի, որ խաղաղությունը պետք է երեք երկրների ժողովուրդների համար ընդունելի լինի։ Ես ցանկանում էի նման մի բան լսել Ադրբեջանի նախագահի կողմից, ինչը մի փոքր առաջ կմղեր բանակցային գործընթացը։ 

 

Բայց, ցավոք, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է  սպառնալիքներ հնչեցնել, թե Զանգեզուրը, Սյունիքը պետք է գրավի, ասում է` Երևանը` անկախ Հայաստանի մայրաքաղաքը, ադրբեջանական քաղաք է, կամ հայկական Սևանը ադրբեջանական լիճ է։ Մեր նպատակը խաղաղությունն է, և մենք ուզում ենք պաշտպանել մեր ժողովրդի անվտանգությունը, Լեռնային Ղարաբաղի, անգամ` Ադրբեջանի ժողովրդի անվտանգությունը»,–հիշեցրեց վարչապետը և կրկին նշեց, որ անձամբ ինքը պատրաստ է երկխոսություն սկսել ոչ միայն Ադրբեջանի իշխանության, այլ նաև Ադրբեջանի ժողովրդի հետ։

 

Ադրբեջանցի լրագրողը նշել էր, որ ինքը ծնվել է հայկական Վարդենիս քաղաքում և այժմ չի կարողանում այցելել իր ծննդավայր, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետը հիշեցրեց հայերի բռնագաղթումն Ադրբեջանից և ադրբեջանցիների խաղաղ ճանապարհումը Հայաստանից։

 

«Հիշում եմ` ինչպես հայերը սպանվեցին Սումգայիթում և Բաքվում, և այդ գործողությունները տարածում գտան նաև Լեռնային Ղարաբաղում։ Ի դեպ, Ադրբեջանում ապրող հայերը ոչ թե դուրս եկան այդ երկրից, այլ փախան, հաճախ նաև առանց հագուստի։ Իսկ ինչ պատահեց Հայաստանում ապրող ադրբեջանցիների հետ։ Հայաստանի իշխանությունների հրահանգով, ադրբեջանցիներին պատկանող ավտոբուսներով մեր երկրում ապրող ձեր հայրենակիցները ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվեցին Ադրբեջան, և ոչ մի ադրբեջանցի չտուժեց այդ գործողության ընթացքում»,–ասաց Փաշինյանը` ընդգծելով, որ սա շատ կարևոր ու պարզ արտացոլում է կոնֆլիկտի էությունը։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ստեփանակերտում Համահայկական ամառային 7–րդ խաղերի բացմանը հրավիրված հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել էր, որ Արցախը Հայաստանն է, և վերջ։

 

Քաղաքականություն

Պատահարներ