Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետության կողմից Ադրբեջանին զենք վաճառելը չի դիտարկում որպես բիզնես. ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետության կողմից Ադրբեջանի Հանրապետությանը զենքի վաճառքը չի դիտարկում որպես բիզնես: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանի հարցին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

«Այդ հարցը մշտապես մեր քննարկումների օրակարգում է՝ թե՛ խորհրդարանական, թե՛ կառավարությունների մակարդակով։ Դուք գիտեք մեր մոտեցումը՝ դրան մենք չենք վերաբերվում որպես բիզնեսի։ Դա զենք է, որն ուղղված է մեր մարդկանց դեմ և, իհարկե, այս հարցի զգայունությունը բավականին բարձր է»,- ասաց Մնացականյանը:

 

2018 թվականի հունիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել էր Ադրբեջանի  պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանը, և ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում էին բելառուսական արտադրության «Պոլոնեզ»-ները:

Քաղաքականություն