Հնարավոր է՝ առաջիկայում Հայաստանը երկու լաստանավ ունենա. Պապիկյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության անդամներ-պատգամավորներ հարց ու պատասխանի շրջանակում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:

 

Հարցը վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտի արտահանման ուղին սպասարկող ճանապարհներին: Պատգամավորը նշեց՝ վերին Լարսի երկկողմանի թողունակությունը օրական 170 բեռնատար է, չնայած՝ մինչև 800 բեռնատար են անցնում, բացի այդ մոտակա ֆիտուսանիտարական լաբորատորիան գտնվում է Լարսից 130 կմ հեռավորության վրա․

 

«Հաշվի առնելով, որ մեր գյուղատնտեսության ոլորտի արտահանման ուղին սպասարկող ճանապարհների թողունակությունը սահմանափակ է, ժամանակն է, որ մտածենք Փոթի-Նովորոսիսկ լաստանավի մասին»,-ասաց Մելքումյանը, հարցնելով, թե արդյո՞ք կիրառվում են միջոցներ այդ ուղղությամբ, քանի որ ապրիլ-մայիս ամիսներից Լարսում սկսվելու են վերակառուցման աշխատանքներ, և թողունակությունն էլ ավելի է փոքրանալու:

 

Սուրեն Պապիկյանն ասաց, որ բյուջեի քննարկման ժամանակ առիթ է եղել այս հարցին անդրադառնալու: «Ես նշեցի, որ պատրաստվում եմ մեկնել Ռուսաստան՝ բանակցելու իմ ընկերների հետ, որտեղ արծարծվելու է նաև այս թեման: Բանակցությունները ընթացել են և շարունակվելու են նաև «Տրանսպորտային շաբաթ» կոչվող միջոցառման շրջանակներում՝ այս ամսվա 18-21-ին:

 

Պապիկյանը նշեց, որ իրենք նախնական հետաքրքրվածություն են հայտնել առ այն, որ Հայաստանն ուզում է ունենալ 2 լաստանավ: «Հիմա նման հնարավորություն ընձեռված է, քանի որ Ղրիմում՝ ռուսական կողմում, այս պահին պարապուրդի մատնված լաստանավեր կան, և պետք է հնարավորինս մատչելի տարբերակով դրանք մեզ տրամադրելու հարցը քննարկենք: Գնդակը գործընկերների դաշտում է, պետք է պատասխանեն, հիմա այլ բան հավելել չեմ կարող»,-եզրափակեց Պապիկանը:

Քաղաքականություն