Կա՞ ուղերձների փոփոխություն Լավրովի հայտարարություններում. հարց՝ Փաշինյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմեց ՀՀ վարչապետին՝ մեջբերում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությանից:

 

Հարցին՝ կա՞ արդյոք ուղերձների փոփոխություն, վարչապետը պատասխանեց.

 

«Ես չէի խոսի փոփոխվող ուղերձների մասին, որովհետև այդ խոսակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետ և ԼՂ հարցի վերաբերյալ բանակցային գործընթացը զարգացող կենդանի գործընթաց են, կարող եմ արձանագրել հետևյալը. երբ Հայաստանում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, ինչ-որ տեղ գուցե բնական մտավախություններ առաջացան, թե որքանով ՀՀ նոր կառավարության դիրքորոշումները կլինեն կառուցողական Արցախի հարցի լուծման առումով: Մենք հենց առաջին օրից հանդես եկանք մի շարք հարցադրումներով, որոնք նոր էին կամ լավ մոռացված հին էին կամ նոր կոմպոնենտներ էին պարունակում: Դրանից հետո երևի բնականորեն՝ այն առումով, որ եկել էր քաղաքական նոր թիմ, որի հետ շփման փորձ չկար, բնական մտավախությունը հետևյալն էր՝ որքանով է այս ամենն արվում բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար և որքանով կարող է նպաստել հարցի լուծմանը»:

 

Վարչապետը նշեց՝ 1.5 տարվա ընթացքում այս ընկալման մեջ փոխվել է հետևյալը՝ գործընկերներն արձանագրել են, որ նոր կառավարությունը ոչ միայն մտադիր չէ բանակցային գործընթացը փակուղի մտցնել, այլև կան հարցեր, առանց որոնց ճշգրտման արդյունավետ բանակցային գործընթացը տանել հնարավոր չէ:

 

«Այս առումով որոշակի ընդհանուր ընկալումներ են ձևավորվել ոչ թե կոնկրետ բովանդակության պարամետրերի, այլ նախադրյալների առումով, այդ մասով մեր պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է, որ մեր դիրքորոշումները կառուցողական են, և հիմա կարող ենք արձանագրել, որ ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև աշխատանք է տարվում պայմաններ ստեղծելու համար, որի լինի հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելու բանակցային միջավայր և մթնոլորտ»,- նշեց նա:


 

Քաղաքականություն

Պատահարներ