Նժդեհի հուշատախտակը ներկելը կարող է ազգամիջյան լարվածության հանգեցնել. հայտարարություն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն արձագանքել է Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում տեղի ունեցած դեպքին` մտավախություն հայտնելով, որ պատգամավորի գործողությունը կարող է վատ հետևանք ունենալ։

 

Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները չեն համապատասխանում հայ–ռուսական հարաբերություններին և կարող են ազգամիջյան լարվածության հանգեցնել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

 

Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

 

«Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր բազում հայրենակիցների շրջանում: Դեսպանատունը Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած վանդալիզմի մասին սահմանված կարգով կտեղեկացնի ՌԴ համապատասխան մարմիններին»,– նշված է դեսպանության հայտարարության մեջ։

 

Դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է անում Արմավիրի քաղաքային իշխանություններին համապատասխան գնահատական տալ կատարվածին` վստահեցնելով, որ միջադեպը լինելու է դեսպանության ուշադրության կենտրոնում։

 

Քաղաքականություն