ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փետրվարին պետք չի լողանալ, կարող է մրսենք, թոքաբորբ ստանանք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել էր Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության անդամների հետ։ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով Փաշինյանին, նկատեց, որ արցախցի պատգամավորները հանդիպումից հետո իրենց հարցազրույցներում նշել են, որ Փաշինյանն ասել է՝ այս պահին, ըստ էության, Մադրիդյան սկուզբուննքերը Արցախի խնդրի կարգավորման սեղանին չեն։

 

Բաբաջանյանը Փաշինյանից խնդրեց հաստատում կամ հերքում, ապա, եթե այդ փաստաթուղթը չկա, ապա ի՞նչ կա բանակցային սեղանին․

«Սա կարեւոր է, քանի որ տարեսկզբին Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստից հետո երկարաշունչ անդրադարձ էիք կատարել Մադրիդյան սկզբունքներին՝ հասկանալու, թե դրա վերաբերյալ Ադրբեջանն ինչ է հասկանում։ Եթե այլեւս հետաքրքրություն չունենք, կա՞ արդյոք մտադրություն՝ միջնորդների կողմից նոր փաստաթուղթ երեւան բերելու»,- մասնավորապես հարցրեց Բաբաջանյանը։

 

Վարչապետը նկատեց, որ թյուրըմբռնում է եղել, որովհետեւ ինքը նոր բան չի ասել, քան այն, ինչն ասել է հրապարակային՝ 2019 թվականի մարտի 12-ին՝ ԱԽ համատեղ նիստում․

 

«Ես ելույթում ասել էի, որ քանի դեռ սկզբունքերի բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ մենք դա ընդունում ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե՞ չենք ընդունում, եւ մի քանի անգամ ասել եմ՝ ինչում է հարցը։ Մադրիդյան սկզբունքները, ըստ էության, ճանապարհն են հարցի լուծման, մենք ուզում ենք հասկանալ՝ այդ ճանապարհը մեզ ի՞նչ հնարավոր տեղեր կարող է հասցնել, մենք նախապես իմանանք՝ մենք էդ ճանապարհով գնո՞ւմ ենք, թե՞ չէ»,- պարզաբանեց Փաշինյանը եւ իր միտքը հստակ բացատրելու համար մի օրինակ բերեց․

 

«Նույն ճանապարհով կարելի է գնալ Սեւան, Գավառ, Դիլիջան, Վարդենիս, Իջեւան։ Հիմա ասում ենք՝ այս ճանապարհով կարելի է գնալ էս քաղաքները, բայց եթե պարզվի, որ մեր մտադրությունը Արմավիր գնալն է, պետք չէ էս ճանապարհով գնալ, որովհետեւ ոնց էլ պտտվենք՝ կածաններով Արմավիր հասնել չենք կարող, իսկ մեզ պետք է գնալ Արմավիր»։

 

«Հիմա ասում ենք՝ եկեք պարզենք՝ ուր են տանում Մադրիդյան սկզբունքները, հասկանանք՝ սա է իրավիճակը, գնանք առաջ, մինչեւ Գավառի խաչմելուկ գալիս ենք, եթե էդտեղ պարզվի, որ մեկը ուզում է գնալ Գյումրի, մեկն՝ Արմավիր, մյուսն՝ Արտաշատ, նշանակում է՝ խնդիր կա, ինչ-որ մեկը ինչ-որ մեկին խաբում է։ Մենք չենք ուզում բանակցային գործընթացում եւ ընդհանրապես որեւէ մեկին խաբել»,- շեշտեց Փաշինյանը։

 

Արման Բաբաջանյանը հարց ուղղեց  Նիկոլ Փաշինյանին՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշելով՝ արդյոք կարո՞ղ է Ռուսաստանի միջնորդությամբ գործընթացներ սկսեն Երևանի և Անկարայի միջև, որով հետաքրքրված կլինեն նաև արևմտյան որոշ կենտորններ։

 

 Ինչը Փաշինյանն այլաբանորեն պատասխանեց, նշելով.«Երբ ամիսը փետրվարն է, մեկը առաջարկում է գնալ Սևան լողալու, այդ առաջարկը ճիշտն ասած այդքան էլ տրամաբանական չէ։ Եթե ամիսը հուլիսն է, մեկը ասի եկեք գնանք Սևանում լողանալու, դրա մեջ կլինի տրամաբանություն։ Հիմա տարածաշրջանային իրավիճակը և մթնոլորտը ցույց է տալիս, որ այդտեղ փետրվարն է և պետք չի իրերը հավաքել, գնալ-լողանալ, կարող է մրսենք, թոքաբորբ ստանանք»։


Մանրամասները՝ Armdaily.am-ի տեսանյութում.

 

 

 

Քաղաքականություն