Գանձագողերը ավերել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Մանկուք» խաչքարերը և փորել գերեզմանները

Օրերս  համացանցում տեսանյութ տարածվեց, որ գանձագողերը ավերել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի «Մանկուք»  խաչքարերը և փորել գերեզմանները: Նշենք, որ տեղանքը  հին բնակատեղի է եղել և մինչև 1950թ.-ը  դեռ բնակվողներ եղել են (խոսքը Գիլանի տարածքի մասին չէ,որտեղ դեռ բնակիչներ կան): Այժմ արգելոցի սահմաններում է, որտեղ մարդու մուտքն առհասարակ արգելված է, եթե չկա տնօրինության կողմից համապատասխան թույլտվություն:

«Խոսրովի անտառ»  պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը Panorama.am-ին հաստատեց, որ տեսանյութը համապատասխանում է իրականությանը և այժմ իրավապահ մարմինները կփորձեն պարզել, թե ովքեր են վանդալիզմի հեղինակները: Նա նաև տեղեկացրեց, որ տարածքում տեսահսկող սարքեր կային, սակայն  դրանք նույնպես գողացվել են:

«Յոթ տարվա մեջ առաջին դեպքն է։ Բարբարոսություն է, մարդու գերեզման են քանդում, ոսկորներ են հանում։ Այդ հատվածը գյուղատեղի է և գերեզմաններ են։ Հին գյուղատեղի է, Մանկուկը։ Մեքենաներով բացառվում է բարձրանալը, այնտեղ մենք պոստեր ունենք, հնարավոր չի  բարձրանալը։ Ինձ թվում է ովքեր, որ գնացել արել են, իրենք էլ նկարել ուղարկել են։ Դա տարածք է որտեղ ոչ ոք չի գնում, նույնիսկ մեր աշխատողները չեն գնում, որովհետև անելու բան չկա այնտեղ»,- ասաց Հովակիմյանը: 

 

Իրավաբան Նազելի  Վարդանյանից էլ տեղեկացանք, որ առհասարակ արգելոցային  ռեժիմի խախտումը ենթադրում է  վարչական պատասխանատվություն, սակայն, եթե այն ուղեկցվում է նյութական վնասով , ապա կարող է լինել նաև քրեական պատասխանատվություն:

 

Լուսանկարը՝ Panorama.am

Տեսանյութը՝ Էկո- Մեդիա ցանց ՖԲ էջի

Քաղաքականություն

Պատահարներ