Ալեքսանդր Լուկաշենկոն կառաջադրվի Բելառուսում 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է 2020-ին երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններում թեկնածությունը դնելու մտադրությունը։Նա այդ մասին պատմել է՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԲԵԼՏԱ-ն։ 


Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ չի կառչում այդ պաշտոնից, սակայն իր համար պարտադիր է համարում առաջարկել թեկնածությունը, իսկ մարդիկ կկատարեն իրենց ընտրությունը։ 

Երկրի ղեկավարը նշել է, որ բազմիցս պատասխանել է առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության վերաբերյալ հարցերին։ «Եթե մարդիկ ինձ չաջակցեն որևէ ընտրությանը, ես դրանից չեմ նեղանա»,- նկատել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ արդեն շատ տարիներ է աշխատել։ – «Այդ դուք մտածեք, առաջադրվեմ այդ ընտրություններին, թե՝ ոչ»։ 

Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները գնահատում են կայունությունը, հանգստությունը, պետության վստահ զարգացումը, դրա ինքնիշխանությունը, այսինքն՝ այն քաղաքականությունը, որը վարվում է ներկայիս նախագահի կողմից, ապա հենց նրանք պետք է նախաձեռնեն նրա առաջադրումը։ 


«Այո, մենք հարուստ չենք։ Ոչ այն պատճառով, որ Լուկաշենկոն վատն է։ Որովհետև մենք երբեմն վատ ենք աշխատում և չունենք այն, ինչը կա Ռուսաստանում և այլ երկրներում (նկատի ունի բնական էներգառեսուրսների պաշարները – Ծանոթ. ԲԵԼՏԱ)։ Մենք մեր հարստությունը կոշտուկով ենք, ինչպես ասում է մեր ժողովուրդը, ստեղծում, սեփական ձեռքերով։ Դա հասկանալով՝ դուք պետք է ինձ խնդրեք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն և շեշտել. «Ես իմ թեկնածությունը կառաջարկեմ այս ընտրություններում»։ 

Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների ժամկետներինն, ըստ օրենքի, դրանք պետք է անցկացվեն 2020-ի օգոստոսից ոչ ուշ։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ