Սկսել են շահարկել ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ․ Զ․ Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով իրեն։ 

«Արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ,քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել: Նրանք (ինչպես մինչ այս բոլոր շաբաթ-կիրակիները) ապրել են տատիկի հետ: 
Ըստ նախնական տեղեկությունների` նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից: 

Ծնողները ամուսնալուծվել ու մեկնել են երկրից, տատիկը և 4 թոռնիկներն ընդգրկված են եղել սոցիալական ծրագրերում, մասնագիտական ուսուցման ծրագրեր են նախատեսվել եղբոր համար, երեխաները դեռևս սեպտեմբերից վերադարձել են ընտանիք և ապրել են իրենց օրինական խնամակալի՝ տատիկի հետ, ով սիրել և հոգ է տարել նրանց մասին: 

Մեծ ցավ եմ ապրում պատահածի համար: Եթե որևէ մեկը, այդ թվում` նախարարությունը և ես անձամբ, մեղավոր է այս դժբախտ պատահարի համար, իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն: 

Իսկ երեխաների հետ կատարված նման դեպքը շահարկողների բարոյական նկարագիրը թողնում եմ ձեզ: 
Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին»,- գրել է նա: 

 

Քաղաքականություն

Պատահարներ