Ոստիկանությունը ցրել է ընդդիմության նստացույցը Վրաստանի խորհրդարանի մոտ

Ոստիկանական հատուկ ջոկատը ցրել է ընդդիմության նստացույցը Վրաստանի խորհրդարանի մոտ:

 

Խորհրդարանի դիմաց տեղակայված բեմահարթակից հնչում էին ցույցի կազմակերպիչների կոչերը՝ չտրվել սադրանքների, հատուկջոկատայինների հետ բախման մեջ չմտնել:

 

ՆԳՆ-ն կիրառեց արցունքաբեր գազ նաև ջրցան մեքենա:

 

Արդեն ժամը 17.20-ին ոստիկանությանը հաջողվեց ցրել ցուցարարներին խորհրդարանի բոլոր մուտքերի մոտից։

Խորհրդարանի մուտքերն արդեն բաց են:

 

Նշենք, որ խորհրդարանի շենքը ցուցարարների կողմից արգելափակված էր շուրջ 24 ժամ: ՆԳՆ-ն զգուշացրել էր հավաքվածներին, որ կես ժամվա ընթացքում կցրի ցույցը:

 

Հանրահավաքի առաջնորդներն այս պահին հավաքվել են Մարիոթ հյուրանոցում՝ քննարկելու համար հետագա անելիքները։ Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր գործիչ Դավիթ Ուսուփաշվիլին ասել է, որ հույս ունեն՝ միջազգային հանրությունը պատշաճ գնահատական կտա այսօրվա կատարվածին ու կկանգնի Վրաստանի կողքին։

 

Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու՝ օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են սկսվել, միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։

Քաղաքականություն