Նոր ցանցի ներդրման պարագայում տրանսպորտի սակագինը կտրուկ կաճի. Պողոսյան

Երևանի տրանսպորտային ցանցի նոր նախագծի վերջնական տարբերակն արդեն  պատրաստ է, այն մշակել է բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը՝ դեռևս քաղաքային նախորդ  իշխանությունների պատվերով։

 

Երևանի քաղաքապետարանին կից գործող տրանսպորտի հարցերով հանձնաժողովի անդամ, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ նոր նախագծից բխող խնդիրներին։

 

Պարոն Պողոսյանի համոզմամբ՝ նոր ցանցի ներդրման պարագայում  տրանսպորտի սակագինը կտրուկ կաճի․

«Եթե մենք հիմա չկանխատեսենք ՝ ինչպիսին է լինելու իրավիճակը, հետո ուշ կլինի։ Չկա ավտոբուս, որ չորս կամ հինգ անգամ ավել չարժենա, քան այժմյան միկրոավտոբուսները»։

 

Նրա  խոսքերով՝ մեր վարորդները հիմա աշխատում են 18 ժամ, և շատերը հրամանագրված չեն, պարզապես «սև սխեմայով» են աշխատում, իսկ երբ լինի օրինական, պետք է լինի երկու վարոդ, որպեսզի հերթափոխով աշխատեն, սա էլ է թանկացման ֆակտոր։

Բանախոսն անդրադարձավ նաև տրանսպորտային երթևեկության հաճախականությանը, ըստ նոր նախագծի՝ այդ հաճախականությունը լինելու է 9-15 րոպե, ինչն, ըստ Արմեն Պողոսյանի, հարմար չէ։

 

Ինչ վերաբերում է էլեկտրոնային տոմսերի անցնելուն՝  Արմեն Պողոսյանն ասաց՝ միանշանակ համակարծիք է այս մոտեցման հետ․

«Պետք է լինի էլեկտրոնային տոմս, և դա ուղևորի համար ավելի էժան կլինի, այն վաղուց գործում է տարբեր երկրներում և ամեն կողմից է ֆինանսապես օգտակար»։

Քաղաքականություն