Սուտ է, թե ՀՀ անվտանգության համար վտանգ եմ ներկայացնում․ Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ԱԱԾ-ին

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը  գրում է․ «Հայ ժողովրդին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝

 

Ցավով տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության Անվտանգության ծառայությունը տարածում է կեղծ տեղեկություն այն մասին, որ իմ մուտքը դեպի ՀՀ փակ է այն պատճառով, որ ես վտանգ եմ ներկայացնում ՀՀ անվտանգության համար։

 

Հայտարարում եմ, որ նշված տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ կերպ չի կարող առընչություն ունենալ իմ անձի հետ։

Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայ ժողովրդին՝ հայտարարելով, որ եթե դեպի ՀՀ իմ մուտքի արգելքը հանվի, պատրաստ եմ առաջին իսկ չվերթով վերադառնալ Հայաստան, և եթե Անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և Հայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված Հայոց պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով։ Այլապես, կարող եմ եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության Անվտանգության ծառայությունը իրականացնում է գործողություններ, որոնք ծառայում են ոչ թե Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության, այլ մեր թշնամի Ադրբեջանի և նրա ժողովրդի շահերին։

Ինձ բոլոր ճանաչողները գիտեն, որ ես երբևէ չեմ կարող անել մի բան, որը դեմ կլինի իմ Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության շահերին»։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ի փորձագետի մուտքը ՀՀ արգելվել։ Ըստ ԱԱԾ-ի՝ Անդրանիկ Հովհաննիսյանը  երկրի անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում։

Քաղաքականություն

Պատահարներ