Բացառում եմ, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչները կապեր ունենան քրեական հեղինակությունների հետ. Գրիգորյան

«Պայքարը հենց պատճառի դեմ է, ոչ թե հետեւանքի, որովհետեւ քրեական ենթամշակույթը այն պարարտ հողն է, որի վրա ծնվում է եւ որի առկայության պարագայում չեն կարող չլինել տարբեր հանցագործություններ»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ խոսելով քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու օրինագծի մասին:

 

Լրագրողի դիտարկմանը, թե միայն այս օրինագծով չի լուծվի հարցը, Գրիգորյանն արձագանքեց, որ նման պնդում չի էլ եղել: Մինչդեռ կրթական էլեմենտի կարեւորությունը այս խնդրի լուծման տեսանկյունից, ըստ պատգամավորի, հնարավոր է՝ շատ ավելի բարձր է, քան երեւույթը քրեականացնելն եւ այս օրենքն ունենալը:

 

Գրիգորյանը, խոսելով պատճառների մասին, նշեց, որ տարբեր պետական անձինք հաճախ հանդիպում էին քրեական հեղինակությունների հետ ընդհանուր խնջույքների ժամանակ եւ երբ պետությունը թույլ է եւ նման վարքագիծ է դրսեւորում, պետք չէ զարմանալ, որ նման երեւույթներ կարող են առաջ գալ: Հարցին, թե ինչ պաշտոնյաների մասին է խոսքը, Գրիգորյանն ասաց․

 

«Օրինակ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Առնվազն մի տեսանյութը ես եմ հիշում»:

 

Լրագրողները հիշեցրին, որ որոշ ժամանակ առաջ նույն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը երաշխավորություն էր ներկայացրել քրեական հեղինակություններից մեկի՝ Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի ազատ արձակման համար, սա ինչպե՞ս է մեկնաբանում՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց.

 

«Ոչ վաղ անցյալում մեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել Արսեն Բաբայանի կալանքի խափանման միջոցը փոխելու երաշխավորությամբ, դա չի նշանակում, որ Գաբրիելյանը դրական է վերաբերվում պարոն Բաբայանի կողմից ենթադրաբար կատարված արարքների վերաբերյալ, թացը չորից պետք է տարբերել»:

 

Հարցին, որ Նորատուսցի Ալիկին ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին իրար հե՞տ է համեմատում՝,Սուրեն Գրիգորյանն արձագանքեց.

 

«Ես չեմ ասում՝ պարոն Բաբայանը քրեական հեղինակություն է: Ցանկացած անձ, անկախ նրանից՝ քրեական հեղինակություն է, թե ոչ, մարդ է, ում ազատությունը պետք է սահմանափակվի բացառապես օրենքով նախատեսված դեպքերում ու օրենքի չափանիշներով: Եթե պարոն Միքայելյանը գտել է, որ անգամ քրեական հեղինակություն լինող անձի ազատազրկման հիմքեր չկան, անձնական երաշխավորագիր է ներկայացրել, սա երբեք պետք չէ դիտարկել, որ ուրեմն ինքը խրախուսում է այն երեւույթները։ Վաղը անձը կարող է մեղադրվել խարդախության մեջ, ես անձնական երաշխավորագիր ներկայացնեմ, դուք դրանից չեք կարող եզրակացնել, որ ես արդարացնում եմ խարդախությունը ու կողմ եմ այդ երեւույթներին»:

 

Գրիգորյանի պնդմամբ՝ քրեական ենթամշակույթի առկայության պատճառներից է նաեւ այն, որ երբ մարդը իր խնդիրների լուծումը չի տեսնում պետական ինստիտուտների մեջ, այսպես թե այնպես փնտրում է խնդիրներ լուծող ալտերնատիվ ինստիտուտներ: «Մենք ասում ենք՝ դա այլեւս ակտուալ չէ: Մարդու խնդիրները լուծելու է պետությունը՝ ի դեմս իր ինստիտուտների»,-ասաց Գրիգորյանը:

 

Անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր պատգամավորների քվեարկություններին, լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք սա չի՞ նշանակում, որ նրանք չեն ուզում «ճշտով տղերքի», հարց լուծողների հետ «թարսվել», թե՞ իսկապես օրենքում կա իրավական բաց եւ դա կարող է ծառայեցվել որպես անմեղ մարդկանց բանտերը լցնելու գործիք:

 

«Այն պարագայում, երբ հայտարարվում է, որ կոնցեպտին մենք կողմ ենք, սակայն կա շտկումների անհրաժեշտություն, որի վերաբերյալ չի ներկայացվել առաջարկներ, եւ այդ պարագայում քվեարկվում է դեմ, իմ կարծիքով այդքան էլ տրամաբանական չէ»,-ասաց Գրիգորյանը: Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի ձեռնպահ քվերակությանը՝ Գրիգորյանի կարծիքով, սա ավելի հասկանալի է, քանի որ դեռ չեն լուծվել խնդիրները, կողմ կամ դեմ լինել հնարավոր չէ:

 

Հարցին, թե արդյոք ներկայիս իշխանությունում չկա՞ն անձինք, ովքեր կապ ունեն քրեական հեղինակությունների հետ, Գրիգորյանը բացասական պատասպան տվեց:

 

«Ես բացառում եմ, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը կապեր ունենա քրեական հեղինակությունների հետ՝ որպես քրեական հեղինակություն»,-ասաց Գիրգորյանը, բացառելով դեպքը, որ եթե կա անձնական բնույթի երկար տարիների հարաբերություն, չի կարելի մարդուն ասել՝ իրար փողոցում տեսնելիս ճանապարհը փոխեք:

Քաղաքականություն