Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները. Նիկոլ Փաշինյան

Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ ճիշտ կլինի այս կառավարությունը հրաժարական տա: Քաղաքացու խոսքով` այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է: Կնոջ խոսքովՙ Փաշինյանի կառավարությունը ատելություն է տարածում: 

 

«Դա կործանման ճանապարհ է: Ես կոչ եմ անում որ ձեր կառավարությունը և դուք անձամբ հրաժարական տաք: Սա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար: Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Արցախը և Հայաստանը կործանման»,- նշեց կինը, որին հետևեց հավաքվածների դժգոհությունը վերջինիս նկատմամբ: 

 

Փաշինյանը բավական վրդովված պատասխանեց կնոջը: «Ո՞վ և ո՞րտեղ է տանում ատելության քարոզը: Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգոցումը ատելությունն է, դրանում իմ մեղքը որն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Մեր հեղափոխությունը եղել է սիրո ու համերաշխության հեղափոխություն: Ասում են Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն: Ո՞րն էր Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը: Մեղրին տա՞լը, թե, այսպես ասած, Ադրբեջանի յոթ շրջանների վերադարձը խաղաղության դիմաց: Ո՞րն էր Սերժ Սարգսյանի ռազմավարությունը: Որ Աղդամը մեր հայրենիքը չէ և հիմա նրանք մեզ մեղադրում են, որ հող ենք վերադարձնում»,- ասաց Փաշինյանը: 

 

Խոսելով իրենց Կառավարության կողմից ատելության քարոզի տարածման մեղադրանքների մասին, վարչապետն ասաց. «Եթե դուք ատելության քարոզ ասելով նկատի ունեք, մեր այն պնդումը թե գողացված մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է, ապա այո վերադարձվելու է: Իմիջիայլոց, այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ և որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է: Չգիտեմ վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք տանենք կանգնեցնենք դատարանները: Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց »,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ինչին հետևեց ներկաների բրավոները, ծափահարությունները: 

Քաղաքականություն

Պատահարներ