Խաշմանյանը մեզ հետ չի շփվել հանդիպումից հետո. չեմ պատկերացնում ինչպես աշխատել նման մարզչի հետ. Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է Իտալիայից կրած պատմական պարտությունից և դրանից հետո հավաքականի մարզչի հնչեցրած այն կարծիքին, որ «սա ազգային հավաքական չէր, այլ պարզապես հավաքական էր»:

 

Sport24-ին տված հարցազրույցում Հարոյանը շեշտել է, որ իտալացիների դեմ խաղը հենց մեկնարկից վատ դասավորվեց ընտրանու համար: «Երբ հանդիպման ընթացքում նայում էի լուսատախտակին, չէի կարողանում հավատալ տեսածիս: Մինչև այսօր էլ չեմ կարողանում տեղ գտնել այդ խաղից հետո»,-ասել է ֆուտբոլիստը:

 

Հարոյանի կարծիքով` Հայաստանը պետք է չպարտվեր այդ հաշվով, քանի որ մրցունակ թիմ է: «Պատկերացրեք զգացողություններս, երբ այդ ամենից հետո Աբրահամ Խաշմանյանն ասուլիսի ժամանակ ասում է, որ սա ազգային հավաքական չէ, այլ սովորական հավաքական է: Այդ խոսքերից հետո ջղայնությունս առավել շատ է: Թիմի գլխավոր մարզիչն իրավունք չունի նման բան ասելու»,-ասել է պաշտպանը: Հայ ֆուտբոլիստն անընդունելի է համարել մարզչի կողմից հնչեցրած հայտարարությունը:

 

«Չեմ կարողանում պատկերացնել, ինչպես աշխատել նման մարզչի հետ: Խաշմանյանը մեզ հետ չի շփվել հանդիպումից հետո: Ես խոսել եմ թիմի մյուս անդամների հետ և նրանք բոլորը նեղսրտել են նրա այդ հայտարարությունից հետո»,-շեշտել է նա:

 

Հարոյանը պնդել է, որ ազգային թիմում խաղացող յուրաքանչյուր ֆուտբոլիստ առանձնահատուկ վերաբերմունք ունի ընտրանու նկատմամբ: «Իտալիայի դեմ խաղում գրանցված արդյունքը արդարացված չէ, բայց արդարացում չունեն նաև նրա խոսքերը»,-ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ