Փառք Աստծո, որ ինձ չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ. Արթուր Վանեցյանը պատասխանում է իշխանական պատգամավորների հայտարարություններին

ՀՖՖ կանոնադրությունը հստակ սահմանում է, որ ՀՖՖ անդամները, այդ թվում գործկոմի, պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն: Ես մշտապես արել եմ ամեն ինչ, որ կարողանանք պահպանել այդ չեզոքությունը: Վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ գործկոմի որոշ անդամներ փորձում են հարթակը օգտագործել նեղ քաղաքական շահերը սպասարկելու համար: Եթե իրենք ինչ-որ խնդիր ունեն, օրինակ, ինձ հետ, կարող են հարցը պարզել այլ միջոցով: Ես պատրաստ եմ ցանկացած տեղ, ցանկացած ֆորմատով հանդիպել ու պատասխանել ցանկացած հարցերի: Բայց չի կարելի ֆուտբոլը քաղաքականացնել: Այս մասին 168.am-ի «Պրեսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։ Բավական ծավալուն հարցազրույցի ընթացքում Վանեցյանը խոսել է ամենատարբեր հարցերի մասին: 

 

Խոսելով իշխանական պատգամավորների, համակիրների իր հասցեին հնչած մեղադրանքների առ այն, որ ֆուտբոլը «տապալել» է, Վանեցյանը կարճ հարցադրում արեց. «Եթե ես լինեի ԱԱԾ տնօրեն, որևէ մեկը ինձ կմեղադրեր չակերտավոր ֆուտբոլը տապալելու մեջ: Իհարկե ոչ»: 

Վանեցյանը խորհուրդ տվեց մեղավորներ ու պատասխանատուներ չնշանակել: «Եթե հանրության մեջ ցանկանում են մեղավոր նշանակել կամ մեղավորի անուն հնչեցնել, ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում: Կարող եք համարել, որ պատասխանատուն և մեղաորը ես եմ»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:

 

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հայտարարությանը, թե Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն և երբևէ թիմի անդամ չի եղել, իսկ բացահայտումներ անելը պարծենալու առիթ չեն, այլ  ԱԱԾ տնօրենի պարտականություն, Վանեցյանն ասաց. «Շատ ուրախ եմ, որ պարոն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ ԱԱԾ տնօրենը ի պաշտոնե ուղղակի չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ։ Առհասարակ ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, այլ ոչ օրվա քաղաքական իշխանությանը։ Անվտանգության ծառայության ուղիղ պարտականությունն է ապահովել երկրի և ժողովրդի անվտանգությունը: Ինչ վերեբերում է բացահայտումներին, ի տարբերություն բոլորի, ես ԱԱԾ բացահայտումներով չեմ պարծեցել, դրանով պարծեցել և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ»,- ընդգծեց Վանեցյանը:  

 

Վանեցյանը հույս հայտնեց, Արեն Մկրտչյանը, հասկանալով, որ ԱԱԾ տնօրենը քաղաքական թիմի անդամ չի կարող լինել, իր այս հայտարարությունից հետո դեմ կքվեարկի ԱԺ օրինագծին, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները պետք է դառնան քաղաքական. «Որովհետև անթույլատրելի է այդ պաշտոնների քաղաքականացումը և, փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ»,- ասաց նա։

 

Վանեցյանը խոստացավ առաջիկայում, մի առիթով պատմել, թե ՀՖՖ գործկոմի անդամները ինչպես են ընդգրկվել Գործկոմում. «Ես վստահ եմ, որ նրանցից ոչ մեկ անգամ չգիտի, թե որ ֆուտբոլոյին ակումբի կողմից է առաջադրվել իրենց թեկնածությունը գործկոմի կազմում»: 

 


 

 

Քաղաքականություն

Պատահարներ