Ոստիկանների կողմից իրականացվող հարցաքննությունները կտեսաձայնագրվեն. կառավարություն

Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

 

Նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին և ելքերին, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժամումների՝ հարցաքննության և օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու և տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է:

 

Նախատեսված սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքեր անձանց մուտք գործելու և ելքի ժամանակը, տեսաձայնագրել ոստիկանության ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող հարցաքննությունները և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող ոչ գաղտնի օպերատիվ հարցումները: 

 

Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների, անմարդկային կամ այլ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու ու բացահայտելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ