Պետական ինստիտուտների մուտքերը չեն կարող արգելափակվել. Թալակվաձե

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է, որ ընդդիմության կողմից պետական ինստիտուտների մուտքերի հետագա արգելափակումն արձագանք կստանա պետության կողմից: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

 

Խորհրդարանի խոսնակի խոսքով՝ ընդդիմությանն այլևս չի թույլատրվի արգելափակել մուտքերը:

 

«Ես դիմում եմ ընդդիմության ոչ կառուցողական զանգվածին, ում միակ գործը երկրում պետական ինստիտուտների արգելափակումն է. այդ երևույթը դուրս է խաղաղ բողոքի ակցիայի շրջանակներից և պատասխան կստանա պետության կողմից: Իշխող թիմը երկրում ոչ մի ապակայունացում թույլ չի տա»,-ասել է Թալակվաձեն:

 

Բողոքի ակցիաների ընթացքում մի քանի անգամ ընդդիմադիր ցուցարարներն ու պատգամավորները կողպեքներով փակել էին տարբեր պետական ինստիտուտների մուտքերը:

 

Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

 

Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է:

 

Քաղաքականություն

Պատահարներ