Վնասվածքից հետո Մխիթարյանի առաջին խաղը. ամփոփիչ արդյունքներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո իր առաջին խաղում մոտ 20 րոպե անցկացրեց խաղադաշտում: Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Իստամբուլ Բաշակշեհիրի» դեմ խաղում խաղադաշտ դուրս եկավ 71-րդ րոպեին: Փոխարինեց Էդին Ջեկոյին:

 

Ըստ whoscored հեղինակավոր կայքի՝ խաղադաշտում անցկացրած ժամանակահատվածում նա 97 փոխանցում է կատարել: Ստացել է 6.34 գնահատականը:

 

Մխիթարյանն աճուկային վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղում: Բաց է թողել ինչպես ՀՀ ազգային հավաքականի, այնպես էլ «Ռոմայի» մի շարք հանդիպումներ: Սա նրա համար ոչ միայն վնասվածքից հետո առաջին խաղն էր, այլեւ Եվրոպա լիգայում առաջին ելույթն էր որպես հռոմեական թիմի խաղացող: «Բաշակշեհիրի» դեմ առաջին տուր խաղին նա հայտավորված է եղել, սակայն խաղադաշտ դուրս չի եկել:

 

Ինչ վերաբերում է երեկվա խաղին, ապա «գայլերը» խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ: Այդ արդյունքից հետո միավորների քանակը հասցրին 8-ի ու զբաղեցնում են J խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը: Նույնքան միավոր ունեցող Մյունխենգլադբախի «Բորուսիան» նրանց գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով ու առաջինն է: «Բաշակշեհիրը» 7 միավորով 3-րդն է ու դեռ պահպանում է հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունները: Խմբային փուլը հաղթահարելու հույսերը կորցրել է «Վոլֆսբերգերը»: Խմբային փուլի ավարտից 1 տուր առաջ 4 միավորով վերջին՝ 4-րդ, տեղում է:

 

«Ռոմայի» հաջորդ խաղը նախատեսված է դեկտեմբերի 1-ին: Ա Սերիայի 14-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվելու է «Վերոնային»:

Քաղաքականություն

Պատահարներ