Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Կարապետ Չալյանը չեն մասնակցի ՀՀ առաջնությանը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի 3 առաջատարներ չեն մասնակցելու Հայաստանի 2019թ. առաջնությանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը նշեց, որ ստուգատեսը բաց կթողնեն օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ), օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (77կգ) եւ Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանը (77կգ):

 

Ըստ մարզչի՝ Ալեքսանյանը դեռեւս շարունակում է ապաքինվել վնասվածքից: Նա կողի կոտրվածք էր ստացել աշխարհի 2019թ. առաջնությունում: Ինչ վերաբերում է Ջուլֆալակյանին, ապա նրա բացակայության պատճառը մարզիչը չնշեց: Ընդհանրապես 77կգ քաշային կարգին վերաբերող հարցերը, նրա խոսքով, երկար բացատրության կարիք ունեն:

 

«Չալյանին ազատել ենք: Պատճառը վերջին մրցումներին, որ մասնակցել է, օլիմպիական վարկանիշ է ձեռք բերել... 77կգ քաշային կարգի թեման առանձին թեմա է»,- ասաց նա:

 

Այս քաշային կարգի հետ կապված ամռանը ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում մեծ աղմուկ բարձրացավ: Աշխարհի առաջնությանը, ըստ նախկին մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի, պետք է մասնակցեր Արսեն Ջուլֆալակյանը: Մասնագետը նշում էր, որ ընտրանու կազմում տարիներ ի վեր ավանդույթ է եղել, որ աշխարհի առաջնության գնում է նա, ով արդյունք է ունենում Եվրոպայի առաջնությունում, իսկ Արսեն Ջուլֆալակյանը բրոնզ էր նվաճել Եվրոպայի 2019թ. առաջնությունում: Հավաքականում, սակայն, տարաձայնություններ էին սկսվել, կարծիքներ էին հնչել, որ մարզիչը կողմնակալություն է անում որդու օգտին:

 

Դրանից 20 տարի աշխատելուց հետո Լեւոն Ջուլֆալակյանը հեռացավ ընտրանուց, իսկ որդին չմասնակցեց աշխարհի 2019թ. առաջնությանը: Այնտեղ 77կգ քաշային կարգում ՀՀ-ն ներկայացրեց Կարապետ Չալյանը եւ օլիմպիական վարկանիշ ձեռք բերեց:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի 2019թ. առաջնությանը, ապա այն կանցկացվի «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կայացել է վիճակահանությունը: Մրցումային օրերը դեկտեմբերի 3-4-ն են: Գոտեմարտերը վաղը նախատեսվում է սկսել 11:00-ից: 10 քաշային կարգում կմրցի 85 ըմբիշ: Բացի վերը նշված մարզիկներից՝ բոլոր մյուս առաջատարները մասնակցելու են:

 

Առաջնության հիման վրա ձեւավորվելու է ազգային հավաքականը, որը դեկտեմբերի 11-ից ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ծաղկաձորում: 2020թ. հունվարի 4-ից կամ 5-ից ըմբիշները հավաք են սկսելու Երեւանում: Պատրաստվելու են միջազգային մրցումների:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ