Տարօրինակ պատմություն է. Մնացականյանը` Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժելու մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կայացած ճեպազրույցում «տարօրինակ պատմություն» անվանեց Ռուսաստանի Արմավիր քաղաքում Հայաստանի Ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժելը։

 

«Այս պահին, անկեղծ ասած, դա տարօրինակ պատմություն է թվում: Որոշ չափով ավելի համապարփակ տեղեկատվության կարիք ունենք, և այդ ուղղությամբ մենք և մեր դեսպանությունն աշխատում ենք», – ասաց Մնացականյանը:

 

Մնացականյանը նշեց, որ հուշատախտակը եկեղեցու տարածքում է, իսկ եկեղեցին ու պետությունը միմյանցից տարանջատված են:

«Բնականաբար, չէի ցանկանա նաև, որ այդ հարցն այնպիսի զարգացում ստանար, որ վերաբերեր կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, տաներ դեպի այդ հարթություն», – ասաց Մնացականյանը։

 

Նա նշեց, որ ԱԳՆ–ը կշարունակի հետևել իրավիճակին։

 

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ավելի ուշ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը վրդովմունք է հայտնել միջադեպի կապակցությամբ։



 

Քաղաքականություն