Դա ով լսի, աբսուրդ է․ Ծառուկյանը՝ ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի մասին

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին։ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

 

Նա նշեց, որ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն արդեն մանրամասն ներկայացրել է իրենց տեսակետը, եւ խնդիրն այն է, որ, եթե ՍԴ անդամները արդար չեն, ինչո՞ւ են նրանց ուղարկում թոշակի ու աշխատավարձ տալիս։

 

«Հիմնական խնդիրը, եթե փաստացի չեն կարողանում նրանց մեղադրել իր կատարած գործի, անարդարության, լճացման համար, այլ առաջարկում են, որ մենք ձեզ գումար կվճարենք, որ դուք չաշխատելով այդ գումարից օգտվեք։ Դա ով լսի, աբսուրդ է: Եթե մարդն էսօր հանցանք է կատարել, թող անեն, աշխարհում դա ընդունված չէ, չի կարելի։ Ինչի՞ համար են խրախուսում, որ գնա տունը նստի, թոշակ էլ ստանա»,- ասաց Ծառուկյանը։

 

Պատասխանելով դիտարկմանը, որ նախագծով փորձում են լուծել ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը՝ Ծառուկյանը հարցրեց, թե՝ ի՞նչ ճգնաժամ․

«Թող ցույց տան, որ ճգնաժամ կա, մենք համաձայնենք, բայց այդպիսի բան չկա, առանց աշխատելու հա՛մ թոշակ է տալիս, հա՛մ՝ աշխատավարձ, մենք կողմնակից չենք լինելու, դա կատարողն էլ պետք է մտածի, որ պատասխան է տալու»։

Քաղաքականություն

Պատահարներ